Լրահոս
Սոցիալական
13:52
14.03.22
429

Բուժաշխատողների աշխատավարձերի աստիճանական աճ պետք է ապահովենք. նախարար

Img default alt hy

Կառավարության ծրագրում ամրագրված է, իսկ ՀՀ առողջապահության նախարարը վերահաստատում է, որ բուժաշխատողների աշխատավարձերի աստիճանական աճ պետք է ապահովեն: Անահիտ Ավանեսյանն այս մասին ասել է  ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ անդրադառնալով հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի՝ Շտապօգնության ծառայության աշխատակիցների վերաբերյալ հարցին:

«Մենք պետական բյուջեից տարեցտարի ավելացնում ենք Շտապօգնության ընդհանուր բյուջեն: Ծառայության մեջ ներդրումը մշտական բնույթ է կրում: Վերջին 1-2 տարիների ընթացքում մենք թարմացրել ենք ավտոպարկը՝ թե պետության կողմից գնված նոր մեքենաներով, թե ակտիվ համագործակցության արդյունքում այլ երկրներից  կառավարական դրամաշնորհների շրջանակում գնվող մեքենաների ձեռքբերմամբ:
Մենք այս պահին, կարելի է ասել, ունենք բավարար ավտոպարկ Շտապօգնության ողջ ծառայությունը ՀՀ-ում կազմակերպելու համար»,- ասել է Ավանեսյանը:

Նախարարի խոսքով՝ վերջին 2 տարում պարկը համալրել են նաև ամենագնաց մեքենաներով, որոնք այսօր բավական կարևոր դեր են կատարում սահմանամերձ, լեռնային գոտիներում ծառայությունը հասանելի դարձնելու համար:

«Ոչ միայն Շտապօգնության ծառայության, այլ նաև ընդհանուր առմամբ՝ թե առաջնային օղակի, թե մնացած բժիշկների աշխատավարձերի աստիճանական աճ պետք է ապահովենք: Եվ դա հստակ կերպով ամրագրված է կառավարության ծրագրում»,-շեշտեց Ավանեսյանը:

Նախարարությունը Երևանի Շտապօգնության ծառայության բեռը թեթևացնելու համար առանձնացել է  Covid ծառայության մեքենաներ, բրիգադներ, որոնք իրենց վրա են վերցրել հիմնական կորոնավիրուսով պացիենտների տեղափոխումը: