Լրահոս
Արտաքին քաղաքականություն
13:15
15.12.22
141

ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրվող ռազմական օգնությունը չի օգտագործվում Հայաստանի դեմ․ Դոնֆրիդ

Img default alt hy

Վաշինգտոնը Բաքվի հետ շփումների ընթացքում միշտ անդրադառնում է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումներին, իսկ Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելիս հաշվի է առնում տարածաշրջանում ԱՄՆ գերակայությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը:

Կովկասում ԱՄՆ-ի վարած քաղաքականության վերաբերյալ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի լսումների ընթացքում ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Կոստան անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին և Ադրբեջանում մարդու իրավունքների կոպիտ խախտումներին՝ հարցնելով՝ արդյոք Վաշինգտոնը բարձրացնում է տվյալ թեման բանակցությունների ընթացքում:

ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերեն Դոնֆրիդը, ով լսումների ժամանակ հանդես էր գալիս որպես վկա, շեշտել է, որ Ադրբեջանի արտգործնախարարի հետ քննարկել է մարդու իրավունքների խախտումները:

«Կարող եմ հավաստիացնել, որ (խմբ. կողմերի հետ) զրույցի կարևորագույն թեմաներից մեկը մարդու իրավունքներն են: Անցյալ շաբաթ ես խոսել եմ երկու երկրների ԱԳ նախարարների հետ: Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովի հետ իմ զրույցի մի հատվածում հատուկ շեշտադրել եմ մարդու իրավունքների հարցը», - ասել է Դոնֆրիդը՝ հայտնելով, որ դեկտեմբերի 9-ին Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել Ադրբեջանի ԱԳՆ-ում աշխատող պաշտոնյայի հանդեպ՝ մարդու իրավունքների խախտումների համար:

Ջիմ Կոստան անընդունելի է համարել այն, որ չնայած Ադրբեջանում Մարդու իրավունքների խախտումներին, Վաշինգտոնը շարունակում է ռազմական աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին:

«Ուզում եմ շատ հստակ լինել այս հարցում. «Ազատության աջակցության ակտի» 907-րդ լրացման մեջ կատարված ուղղումը երկարաձգելու մասին 2022 թ.-ի հունիսի 22-ի որոշումն ընդունվել է տարածաշրջանում ԱՄՆ գերակայությունների մանրամասն ուսումնասիրությունից հետո», - ասել է Դոնֆրիդը:

Նա հավաստիացրել է, որ Վաշինգտոնը ստուգում է և հավաստիանում, որ Ադրբեջանին տրվող ռազմական օգնությունը հնարավոր չլինի օգտագործել Հայաստանի դեմ հարձակողական նպատակներով, և որ դա չի խոչընդոտում Լեռնային Ղարաբաղում երկարատև քաղաքական կարգավորման շուրջ բանակցային գործընթացին:  

Նա կրկնել է, որ Ադրբեջանին տրվող օգնությունն օգնում է ապահովել Իրանի հետ ավելի քան 750 կմ-անոց սահմանի անվտանգությունը և ապահովում է էներգիայի աղբյուրների անվտանգությունը, որը շատ կարևոր է Եվրոպայում ԱՄՆ դաշնակիցների համար:

Ըստ Դոնֆրիդի՝ Ադրբեջանին տրամադրվում է ոչ մահաբեր ռազմական աջակցություն՝ սահմանների անվտանգությունն ապահովելու, մաքսանենգությունը կանխելու նպատակով: