Լրահոս
Հասարակական
15:55
14.03.22
1 252

Ադրբեջանի ԱԳՆ-ն բացահայտեց Հայաստանին առաջարկած 5 կետերը

Բաքուն պատրաստ է բովանդակային, ինտենսիվ բանակցությունների Երևանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ, եթե Հայաստանը ընդունի 5 հիմնարար սկզբունքները, ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաեւան։

«Երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման հինգ հիմնական սկզբունքները մի քանի օր առաջ միջնորդների միջոցով փոխանցվել են Երևանին։ Երկու երկրները (Ադրբեջանը և Հայաստանը) կարող են այս սկզբունքների հիման վրա խաղաղության համաձայնագիր կնքել ինտենսիվ, բովանդակային, առարկայական և արդյունքների վրա հիմնված բանակցությունների միջոցով»,- ասել է Աբդուլաևան։

Ըստ նրա՝ այդ 5 հիմնական սկզբունքները ներառում են.

-ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, պետական սահմանների անձեռնմխելիության և միմյանց քաղաքական անկախության փոխադարձ ճանաչում,

-պետությունների՝ միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայության և ապագայում նման պահանջներ չներկայացնելու իրավական պարտավորության փոխադարձ հաստատում,

-զերծ մնալ միջպետական հարաբերություններում միմյանց անվտանգությանը սպառնացող, միմյանց քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքներ և ուժ կիրառելուց, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին անհամատեղելի այլ գործողություններից,

-պետական սահմանի սահմանազատում և սահմանագծում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում,

-տրանսպորտի և այլ հաղորդակցությունների բացում, այլ համապատասխան հաղորդակցությունների հաստատում և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցություն։