Լրահոս
Արցախ
21:00
11.12.22
190

Ադրբեջանցիների գործողությունները համաձայնեցված չեն եղել Արցախի իշխանությունների հետ. պատգամավորը` Կաշենի միջադեպի մասին. NEWS.am

Img default alt hy

Ադրբեջանցիների երեկվա գործողությունները համաձայնեցված չեն եղել Արցախի իշխանությունների հետ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

«Դա բացարձակ անհարգալից վերաբերմունք է Արցախի իշխանությունների նկատմամբ, ամեն դեպքում դա չի արդարացնում իշխանություներին, ուժային կառույցներին, թե ինչպես արբեջանցիները այդքան կարող էին գնալ, փորձել հանք մուտք գործել և բնակիչը կարողանա կանգնեցնել նրանց, իսկ ուժային կառույցները չփորձեին խոչընդոտել, քանի որ դա խաղաղ բնակիչների անելիքը չէր: Թե ինչու մինչև հանք հասնելը չի կանխվել ադրբեջանցիների տեղաշարժը էլի իշխանությունների բացթողումն է, որը հուսով եմ` շտկված է, կամ շտկվում է»,- ասաց նա:

Պատգամավորի խոսքով` Արցախը նման հարցերում լրիվ մենակ է մնացել, ինչը վառ կերպով ցուցադրեց երեկվա միջադեպը:

«Մենք շատ լավ ենք ճանաչում թշնամուն, եթե իրենք մի բան պլանավորել են, փորձում են ամեն գնով հասնել դրան և երբեմն դժվար է լինում խափանել, որովհետև խնդիրները բազում են և Արցախը կարծես թե նման հարցերում մենակ է մնացել, չհաշված ռուս խաղաղապահների գործոնը, որը հնարավորություն է տալիս նրանց միջնորդությամբ ինչ-որ հարցեր կարգավորել: Այս բոլոր միջադեպերը մեզ համար սպասելի էին, սկսած միջանցքը փակելուց մինչև այն, ինչ երեկ տեղի ունեցավ»,-ասաց նա:

Պատգամավորը կարծում է, որ նման այցերը պետք է բացառվեն, քանի որ նման բան նաև եռակողմ հայտարարությամբ նախատեսված չէ. «Մնում է ենթադրել, որ սա հերթական բանավոր պայմանավորվածությունների արդյունքն է, որից Արցախի իշխանությունները դուրս են մնացել, և իրենց համար ևս անակնկալ է եղել սա, չնայած էլի չեմ արդարացնում, քանի որ պետք է կանխատեսել նման դեպքերը: Պետք է պատրաստ լինել ամեն ինչին, քանի որ հնարավոր է թշնամին այցին զուգահեռ սադրանքների դիմի, կամ այլ բաներ պահանջի: Մարդիկ գիտակցում են, որ իրենց կամաց-կամաց համատեղ կեցության են տանում, որին որևէ արցախցի պատրաստ չէ գնալու և միանշանակ չի գնալու»:

Պատգամավորը հույս հայտնեց, որ Արցախի իշխանությունեները հանդես կգան համապատասխան հայտարարությունով կապված կատարվածի հետ:

Հիշեցնենք, որ նախօրեին ադրբեջանցիները ռուսական խաղաղապահ զորակազմի հետ փորձել են դիտարկում անցկացնել Արցախի Մարտակերտի շրջանի Դրմբոն և Կաշենի հանքավայրերում: Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ այցելությունը խոչընդոտել են հանքավայրի աշխատակիցներն ու հարակից համայնքների բնակիչները, ովքեր փակել են ադրբեջանցիների ճանապարհը դեպի հանք: Դեպքի վայր են ժամանել Արցախի իշխանությունների ներկայացուցիչները, որոնք բանակցել են կողմերի հետ և որոշել դադարեցնել շրջայցը, այդ հարցին անդրադառնալ լրացուցիչ քննարկումներից հետո։