Լրահոս
Արցախ
13:40
06.03.22
322

Ադբեջանական դիրքերից մոտ 5-6 րոպե ինտենսիվ կրակել են գյուղի ուղղությամբ․ Խրամորթի գյուղապետը մանրամասներ է հայտնել

Img default alt hy

Այսօր առավոտյան ժամը 8-ի սահմաններում Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքից կրակահերթեր են արձակվել գյուղի ուղղությամբ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Խրամորթի գյուղապետ Զորիկ Աբրահամյանը։

«Մոտ 5-6 րոպե տևել են կրակոցները։ Մերոնց պատասխան գործողություններից հետո միայն ադրբեջանական կողմը լռել է։ Խաղաղապահ առաքելության ներկայացուցիչները որ ժամանեցին արդեն որոշակի հանդարտվել էր իրավիճակը»,- ասել է Աբրահամյանը։

Գյուղապետի խոսքով՝ այն բանից հետո, երբ ադրբեջանական կողմը սկսել է կրակել գյուղի ուղղությամբ, ինքն այդ մասին անմիջապես տեղեկացրել է Արցախի իրավապահ մարմիններին ու խաղաղապահ առաքելությանը։

Վերջիններիս ներկայացուցիչները, ինչպես նշել է գյուղապետը, խոսել են ադրբեջանական կողմի հետ, որից հետո խրամորթցիներին հավաստիացրել են, որ վիճակը չի սրվի։

Գյուղի ուղղությամբ պարբերաբար կրակոցներ արձակելով՝ ադրբեջանցիները փաստացի խոչընդոտում են, որ խրամորթցիները մշակեն իրենց սեփականություն հանդիսացող հողը։ Աբրահամյանը նշել է, որ այն բանից հետո, երբ Խրամորթի վարելահողերում աշխատող տրակտորիստի ուղղությամբ ադրբեջանցի զինծառայողները կրակոցներ արձակեցին, գյուղատնտեսական տեխնիկա չի կարողանում մտնել դաշտ։

«Ոչ մի երաշխիք չկա, որ անգամ խաղաղապահի ներկայությամբ չեն կրակելու դաշտում աշխատող գյուղացու ուղղությամբ։ Այս պայմաններում ինչպե՞ս կարող ես որևէ մեկին ստիպել, որ տրակտորով դաշտ մտնի։ Այսօրվա դեպքն էլ դրա վառ ապացույց»,-ասել է Աբրահամյանը։

Հայկական հողերը բռնազավթած և ապօրինաբար այնտեղ տեղակայված ադրբեջանցի զինծառայողները շարունակաբար սադրանքների դիմելով՝ փորձում են ահաբեկել, վախի մթնոլորտ ձևավորել իրենց հայրենի հողում ապրող արցախցիների մոտ։