Լրահոս
Արցախ
19:02
09.03.22
207

2021 թվականի ընթացքում հակառակորդի զավթած տարածքներից տարհանվել է 574 աճյուն․ ԱԻՊԾ

Img default alt hy

Մարտի 9-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության կոլեգիայի նիստ՝ նվիրված 2021 թվականի ԱԻ պետական ծառայության գործունեության արդյունքների ամփոփմանը:

Կոլեգիայի նիստի մեկնարկին հայտարարվել է լռության րոպե՝ ի հիշատակ հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում անմահացած հերոսների:

2021 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության մասին հաշվետու զեկույցը ներկայացրել է ԱԻ պետական ծառայության տնօրեն՝ գնդապետ Մեխակ Արզումանյանը։

2021 թվականին Արցախի Հանրապետության ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել և մշակվել է 44415 ահազանգ։

Տարվա ընթացքում Արցախի Հանրապետության տարածքում գրանցվել է 4125 արտակարգ պատահար՝ նախորդ տարվա 5677 դեպքի դիմաց։

2021 թվականին արտակարգ իրավիճակների հետևանքով՝ զոհվել է 16 մարդ, տուժել` 149-ը (2020թ. զոհվել է 11 մարդ, տուժել` 50-ը)։

Հաշվետու տարում շարունակել են հակառակորդի կողմից զավթված տարածքներից զոհված և անհայտ կորած համարվող զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների որոնողական աշխատանքները՝ ընդհանուր առմամբ 2021 թվականի ընթացքում տարհանվել է 574 աճյուն:

Ծառայության համապատասխան ստորաբաժանումների կողմից 2021 թվականին իրականացվել են հետախուզական, ականազերծման և չպայթած զինամթերքի ոչնչացման աշխատանքներ: Իրականացված 806 ելքից ոչնչացվել է տարբեր տեսակի 20 854 միավոր զինամթերք՝ նախորդ տարվա 7174 միավորի դիմաց: Չպայթած ռազմամթերքից մաքրվել և ականազերծվել է 221,5 հա տարածք:

Բերքահավաքի անկորուստ կազմակերպման և հակահրդեհային ապահովման նպատակով տվյալ ժամանակահտվածում իրականացվել է ուժեղացված ծառայություն՝ հրդեհավտանգ շրջաններում տեղակայվել են հրշեջ հենակետեր։

Հաշվետու տարում Արցախի Հանրապետության տարածքում գրանցվել է հացահատիկային մշակաբույսերի հրդեհի 4, այգիների 10 դեպք, որոնցից 3-ի դեպքում բռնկման պատճառ է հանդիսացել հակառակորդի կողմից արձակված գնդակը:

Գրանցվել է բնակելի տներում հրդեհների 41 դեպք։

Ընդհանուր առմամբ, Արցախի Հանրապետության տարածքում հրդեհների հետևանքով պատճառված նյութական վնասի չափը կազմել է 63 650 409 ՀՀ դրամ։

Ծառայության տեսուչների կողմից աշխատանքներ են տարվել հակահրդեհային և տեխնիկական անվտանգության կանոնների պահպանման ուղղությամբ:

Հակահրդեհային և տեխնիկական անվտանգության կանոններով հրահանգավորվել է 15.759 քաղաքացի:

Ավարտին են հասցվել Ասկերանի շրջանային արտակարգ իրավիճկների բաժնի մշտական տեղակայման վայրի շինարարական աշխատանքները, բարեկարգվել է հարակից տարածքը, վերանորոգվել են ծառայության կենտրոնական ապարատի մասնաշենքերն ու անձնակազմի կացարանները: Անձնակազմի շենքային պայմանների բարելավման աշխատանքները շարունակվում են:

Հաշվետու զեկույցներով հանդես են եկել ստորաբաժանումների ղեկավարները՝ ներկայացնելով 2021 թվականի ընթացքում իրականացված աշխատանքները և 2022 թվականի համար նախատեսվող միջոցառումների համալիրը։

Ամփոփելով նիստը՝ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանի հրամանով ծառայության մի խումբ աշխատակիցներ բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար արժանացել են խրախուսանքի:

Կարեն Սարգսյանը մի շարք հանձնարարականներ է տվել նիստին մասնակից պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին՝ ելույթների ընթացքում բարձրացված հարցերի լուծման ուղղությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու և ընթացիկ տարվա մարտահրավերներին դիմակայելու ուղղությամբ: