Լրահոս
Հասարակական
19:28
05.03.22
369

Կառավարությունը անլուրջ որոշում է կայացրել․ Կարեն Չիլինգարյանը՝ աղի հետ կապված «սկանդալի» մասին

Img default alt hy

Հայտնի է, որ ՀՀ առողջապահության նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագիծ, ըստ որի՝ հանրային սննդի օբյեկտներում արգելվում է աղամանի առկայությունը սեղանի վրա` առանց սպառողի կողմից պահանջի ներկայացման։ Սա ներկայացվում է որպես ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման միջոց, մինչդեռ հասարակական բուռն քննարկումներ են սկսել այս առնչությամբ, հիմնականում՝ քննադատական բնույթի։

Որքանո՞վ է այս որոշումը ողջամիտ և արդյո՞ք չի ոտնահարում սովորական սպառողի իրավունքները։ Արձագանքելով մեր այս դիտարկմանը, «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանն ասաց․

«Ես հետևյալը կարող եմ ասել, որ ցավոք` մեր կառավարությունը այս պահին անլուրջ որոշում է կայացրել, երբ ավելի հրատապ խնդիրներ կան մեր տնտեսության և ինչու չէ` առողջապահության ոլորտի առջև։ Եթե մարդ պահանջարկ ունի, միևնույն է, պահանջելու է աղաման տեղադրեն սեղանին, քանի որ դա օրգանիզմի պահանջն է»։ 

Նրա պնդմամբ, ավելի ճիշտ և օգտակար կլիներ, եթե պարբերաբար հեռուստատեսությամբ և այլ լրատվամիջոցներով սպառողներին բացատրեին աղի օգտագործման չարաշահման հետևանքների մասին։ 
«Հիվանդությունների դեմ պայքարելու համար քարոզչությունն ավելի էֆեկտիվ է»,- նշեց Կարեն Չիլինգարյանը։

Արա Ալոյան
«news.5tv.am»