Լրահոս
Հասարակական
18:49
03.03.22
147

Ինձ համար Սանասար է, բայց 27 տարի անց դարձավ Կուբաթլու. Օհանյան

Img default alt hy

Սանասար է, սակայն 1993-ից 27 տարի անց այդ բնակավայրը դարձավ Կուբաթլու։ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ԱԺ ամբիոնից նման հայտարարություն արեց` ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հարցադրման։

Երեկ ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց է հղել, որի ժամանակ օգտագործել է «հողերը հանձնել» արտահայտությունը։

Դրանից Փաշինյանը հունից դուրս է եկել և ի պատասխան՝ ասել, թե իրեն «հող հանձնելու» մեջ մեղադրողների հետ ինքը մատով է խոսել ու մատով էլ խոսելու է։ Փաշինյանն ասել է, որ ընդդիմադիր խմբակցություններից պահանջում է, որ հրապարակային դիրքորոշում հայտնեն` ի վերջո Սանասա՞ր է, թե՞ Կուբաթլու։

«Իմ ղեկավարները երբեք բանակցային շրջանում չեն ասել վերադարձրեք կամ հետ քաշեք զորքերը։ Ընդհակառակը, նրանք ասել են` ամրապնդեք դիրքերը, և բանակցային գործընթացում դրանք ամրապնդվել են մեր շահերի իրականացման համար։ Պատմական Արցախն ավելի մեծ տարածք է, քան Արցախի Հանրապետությունը. 1933-ին է ստեղծվել Կուբաթլուի բնակավայրը, իսկ մինչ այդ հայկական տարածք է եղել այն»- ասել է Օհանյանը։

Պատգամավորի խոսքով` գաղափարական և հայրենիքի ազատագրման առումով` այդ բնակավայրն իր համար Սանասար է, սակայն հիմա այն դարձել է Կուբաթլու։

«Ինձ համար Սանասար է, քանի որ այդ մարդիկ այդ հողերի համար պայքարել են և կյանք տվել։ Իսկ թե ում համար է Կուբաթլու, հետագայում` բանակցությունների ընթացքում, հայտնի կլինի։ Այդ հողերը թողել են թշնամուն այսօրվա իշխանության օրոք»,- ասել է Օհանյանը։

Նա նշել է, որ մինչ այս բանակցային գործընթացի փաստաթղթերում տարածքներ հանձնելը չի եղել առաջնահերթ, այլ Արցախի ինքնորոշման հարցը։