Լրահոս
Արցախ
12:18
19.12.22
187

ԱՀ դատախազությունը հայտարարություն է տարածել

Img default alt hy

Սույն թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի մի խումբ քաղաքացիներ, ներկայանալով որպես բնապահպաններ, կեղծ պատրվակով ապօրինաբար զավթել են Արցախը Հայաստանին կապող ճանապարհը՝ այդ կերպ դադարեցնելով երթևեկությունը և խզելով արտաքին աշխարհի հետ Արցախի քաղաքացիների միակ կապը: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության դատախազությունից։

«Երկու օր շարունակ Ադրբեջանը դիտավորությամբ դադարեցրել էր նաև ՀՀ-ից Արցախ գազի մատակարարումը: 

Հիշյալ դեպքերի կապակցությամբ ԱՀ գլխավոր դատախազության կողմից անհապաղ նախաձեռնվել են քրեական վարույթներ, որոնց շրջանակում ձեռնարկված քննչական, այդ թվում ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ՝

- Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը զավթած Ադրբեջանի քաղաքացիների գերակշռող մեծամասնությունը և ղեկավարող կազմը հատուկ ծառայությունների նախկին կամ ներկա աշխատակիցներ են.

- բարձրաձայնվող բնապահպանական խնդիրը ընդամենը օգտագործվում է որպես սեփական արարքները արդարացնելու և դրանց հիմնավոր տեսք հաղորդելու միջոց.

- Ադրբեջանը հետապնդում է Արցախի Հանրապետության տնտեսության հիմքերը խարխլելու, բնակչությանը եկամտի աղբյուրից, աշխատատեղերից զրկելու նպատակ.

- Ադրբեջանի քաղաքացիների կողմից իրականացվող գործողությունները հակասում են 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին, դրանով արձանագրված ստատուս-քվոյին.

- Արցախի Հանրապետության քաղաքացիները, որպես այդ տարածքի բնիկ ժողովուրդ և իրավատեր, միջազգային իրավունքի ուժով ունեն այդ տարածքի հողի, շրջակա բնական միջավայրի, բնության և ընդերքի տնօրինման, տիրապետման և օգտագործման իրավունք, որը Ադրբեջանը փորձ է անում անտեսել ու չեզոքացնել»: