Լրահոս
Միջազգային
09:38
04.03.22
383

Զապարոժիեի ԱԷԿ–ի ուսումնամարզական կորպուսում բռնկած հրդեհը մարվել է. Ուկրաինայի ԱԻՊԾ

Զապորոժիեի ԱԷԿ-ի ուսումնամարզական կորպուսում բռնկած հրդեհը մարվել է, զոհեր կամ տուժածներ չկան, հայտնում է ԱԻ գծով Ուկրաինայի պետական ծառայությունը։

«Ժամը 06.20-ին (Երևանի ժամանակով` 08.20-ին) Էներգոդարում Զապորոժիեի ԱԷԿ-ի ուսումնամարզական կորպուսում բռնկած հրդեհը մարվել է։ Զոհեր և տուժածներ չկան»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ ԱԷԿ-ի մամուլի ծառայության ներկայացուցիչը հայտնել էր, որ կայանի տարածքում հրդեհ է բռնկել, ռադիացիոն ֆոնի փոփոխություններ չկան։ Կայանի տարածքում տեղադրված տեսանկարահանող սարքերից ստացված կադրերի վրա ծուխ էր երևում։ Այնուհետև Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությունը հայտնեց, որ հրդեհը տեղի է ունեցել Զապորոժիեի ԱԷԿ-ից դուրս, կայանում անջատվել է էներգաբլոկներից մեկը։

Ավելի ուշ Արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությունը նշել էր, որ այրվում են ԱԷԿ-ի ուսումնամարզական համալիրի հինգհարկանի շենքի 3-րդ, 4-րդ և 5-րդ հարկերը։

Ուկրաինայի միջուկային և ռադիացիոն անվտանգության գլխավոր պետտեսուչի ժամանակավոր պաշտոնակատար Օլեգ Կորիկովը «Ռադա» հեռուստաալիքի եթերում պարզաբանել էր, որ Զապորոժիեի ԱԷԿ-ում 7 միջուկային կայանք, 6 էներգաբլոկ և միջուկային պահեստարան է գտնվում։

Նրա խոսքով №1 էներգաբլոկը ավելի վաղ կանգնեցվել էր վերանորոգման նպատակով, №2 և №3 էներգաբլոկներն անվտանգ կանգնեցվել են, №4-ը շարունակում է աշխատել։ №5 և №6 էներգաբլոկները պահուստային են, դրանց ոչինչ չի սպառնում։ Էներգոդարի քաղաքապետը հայտնել է, որ բուն ԱԷԿ-ում հրդեհման մասին տվյալներ չկան։