Լրահոս
Աշխարհ
21:20
20.12.22
70

Վուչիչը ՆԱՏՕ-ին խնդրել է պաշտպանել Կոսովո և Մետոքիայի սերբ բնակչությանը

Img default alt hy

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը դիմել է Նեապոլում ՆԱՏՕ-ի դաշնակից միացյալ ուժերի հրամանատար Ստյուարտ Մանշին, որպեսզի ՆԱՏՕ-ն պաշտպանի Կոսովո և Մետոքիայի սերբ բնակչությանը: Այս մասին հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ТАСС գործակալությանը:

«Ծովակալ Մանշի հետ լավ երկխոսություն ունեցանք: Ես խնդրեցի, որ ՆԱՏՕ-ն պաշտպանի մեր ժողովրդին Կոսովո և Մետոքիայում և շնորհակալություն հայտնեցի Սերբիայի չեզոքության քաղաքականությունն ըմբռնելու համար», - հայտնել է Սերբիայի ղեկավարը ծովակալ Մանշի հետ հանդիպումից հետո:

Իրադրությունը Կոսովոյում կտրուկ սրվել Է դեկտեմբերի 6-ին, երբ չճանաչված կազմավորման հատուկ նշանակության ջոկատները Կոսովոյում Եվրամիության առաքելության (EULEX) պարեկների ուղեկցությամբ Կոսովո և Մետոքիայի հյուսիսում սկսել են գրավել ընտրական հանձնաժողովների շենքերը:

Սերբ բնակչությունը հակահարված է տվել կոսովացիներին, որոնք փախել են Իբար գետից այն կողմ: Դեկտեմբերի 8-ին Կոսովոյից մոտ 350 ոստիկաններ զրահամեքենաներով ներխուժել են երկրամասի՝ սերբերով բնակեցված հյուսիսային հատվածներ և շրջափակել Կոսովսկա Միտրովիցայի հյուսիսային մասը։

ТАСС-ը հաղորդում է, որ շինծու մեղադրանքով դեկտեմբերի 10-ին Կոսովոյի ոստիկանությունը Կոսովսկա Միտրովիցայում ձերբակալել է սերբ նախկին ոստիկան Դեյան Պանտիչին։ Ի պատասխան՝ սերբ բնակչությունը զանգվածային բողոքների է դուրս եկել և արգելապատնեշներով փակել մայրուղիները մի քանի բնակավայրերում։

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր «Արմենպրես»-ը, օրեր առաջ Սերբիան դիմել էր ՆԱՏՕ-ի KFOR (խմբ. Kosovo Force, ՆԱՏՕ-ի ղեկավարությամբ գործող միջազգային ուժեր, որոնք պատասխանատու են Կոսովոյում կայունության ապահովման համար) առաքելության հրամանատարությանը՝  խնդրելով Կոսովո և Մետոքիա մտցնել սերբական բանակի և ոստիկանության սահմանափակ զորակազմ՝ համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1244 բանաձևի։