Լրահոս
Հասարակական
12:20
28.07.22
187

Ռուսաստանը «Մայր Հայաստան» թանգարանին է փոխանցել ծովակալ Իսակովի անձնական իրերը

Img default alt hy

ՌԴ-ում ՀՀ դեսպանատան շքադահլիճում հուլիսի 27-ին կայացել է Դմիտրի Խմելյովի անձնական հավաքածուից Խորհրդային նավատորմի լեգենդար ծովակալ, Խորհրդային Միության հերոս Իվան Իսակովի (Հովհաննես Տեր-Իսահակյան) անձնական իրերի՝ ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» թանգարանին փոխանցման հանդիսավոր արարողությունը։

Ինչպես հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից, միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ՊՆ,  ՌԴ ԱԳՆ, Մոսկվայի Հաղթանակի և ՌԴ ԶՈւ Կետրոնական թանգարանների, Սամարայի կայազորի Կ.Ե. Վորոշիլովի անվան Սպայի տան ներկայացուցիչներ, դիվանագետներ,  դեսպանատան աշխատակիցներ։

Ողջույնի խոսքում ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը երախտագիտություն է հայտնել Դմիտրի Խմելյովին՝ շեշտելով Հայաստանի ու Ռուսաստանի ժողովուրդների ականավոր դեմքերի ու հերոսների հիշատակի պահպանության կարևորությունը։ Դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարն անդրադարձել է ծովակալ Իսակովի՝ ինչպես Հայրենական մեծ պատերազմի տարիների, այնպես էլ հետպատերազմյան շրջանի գործունեությանը։ 

Միջոցառմանը ելույթ են ունեցել նաև ՀՀ դեսպանատան ռազմական կցորդ, գեներալ-մայոր Արմեն Լալայանը, Դմիտրի Խմելյովը, խորհրդային և ռուսաստանյան ռազմական գործիչ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, փոխծովակալ Աշոտ Սարկիսովը և ՌԴ ՊՆ ներկայացուցիչ, առաջին  կարգի կապիտան Վալերի Լապինը։ 

Փոխանցված իրերի թվում են լուսանկարներ, Խորհրդային Միության եռակի հերոս Սեմյոն Բուդյոննու, Խորհրդային Միության կրկնակի հերոս Հովհաննես Բաղրամյանի և ուրիշների  շնորհավորական հեռագրերը։ Վերջին շրջանում այդ իրերը պահվում էին Սամարայի կայազորի թանգարանում։