Լրահոս
Քաղաքական
14:30
02.09.25
816

Ռոբերտ Քոչարյանի պատմական ելույթը՝ Արցախի անկախության հռչակման ժամանակ

Img default alt hy

34 տարի առաջ այս օրը՝ 1991թ․ սեպտեմբերի 2-ին, բոլոր մակարդակների խորհուրդների պատգամավորների մասնակցությամբ ժողովրդական պատգամավորների Լեռնյին Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդները համատեղ նստաշրջանում որոշում կայացրեցին ԼՂՀ հռչակման և նրա պետական իշխանության ու կառավարման ժամանակավոր մարմինների ձևավորման վերաբերյալ հռչակագիր ընդունելու մասին։

Նախ ելույթով հանդես եկավ, ապա հռչակագիրը կարդաց այն ժամանակ ԳԽ պատգամավոր Ռոբերտ Քոչարյանը։

«1988 թվականից ի վեր մենք բարձրացրել ենք մեր հարցը՝ Ադրբեջանի կազմից դուրս գալու, մեզ անընդհատ ասում էին՝ ձեր քայլը անօրինական է, միութենական սահմանադրությունը չի նախատեսում ինքնավար մարզի կամ ինչ-որ տարածքի Հանրապետությունից դուրս գալը առանց տվյալ Հանրապետության համաձայնության։ Եթե հիշում եք, անընդհատ մեզ 70 և 72-րդ հոդվածի հակասությունների մեջ մտցնելով՝ հետաձգում էին մեր հարցը կամ բացասական պատասխան էինք ստանում։ 

Հիմա մեզ համար պատմական շանս է բացվել՝ Ադրբեջանի անկախությունը հռչակելու հետ կապված, օրինական ձևով այս հարցը ևս մեկ անգամ բարձրաձայնենք միութենական իշխանությունների առջև, որովհետը կա օրենք, որի համաձայն մենք ունենք իրավունք և՛ ինքնավարության, և՛ կոմպակտ ապրող ազգությունները տվյալ դեպքում իրենց հարցը լուծելու։  

Հռչակագիրը նախաձեռնող խումբը հաշվի է առել պետությունում ստեղծված այսօրվա իրավիճակը։ Մենք չգիտենք Կենտրոնը կմնա, թե չէ։ Դրա համար մենք այստեղ չենք շեշտում, որ մենք ուզում ենք մնալ Միութենական Ֆեդերացիայի սուբյեկտ, որովհետև չգիտենք այդ Ֆեդերացիայի սուբյեկտ ով է մնալու, և լինելու է, թե չի լինելու։ Մենք միանգամից պարզ չենք դիմում Ռուսաստանի կառավարությանը, որովհետև այդ տրամադրությունները կան մեր ժողովրդի մեջ։ Որովհետև, նախ այդտեղ էլ պարզ չի՝ եթե Սովետական Միությունը մնալու է, ապա ավելի ճիշտ է դիմել որպես սուբյեկտ Սովետական Միությանը, եթե չի լինելու, երևի ավելի ճիշտ կլինի դիմել Ռուսաստանին, և այդտեղ կա նաև Հայաստանը։ Դրա համար այս հռչակագիրը այս պատմական պահին պետք ընդունենք որոշումը։ Ընդունենք, որ Ադրբեջանի կազմից մենք դուրս ենք գալիս՝ օգտվելով օրինական ճանապարհից, այդ օրինական շանսով։ Իրավիճակի զարգացումից ելնելով, պետք է մի քանի տարբերակների տեղ թողնենք նաև, թե մեր ապագան ինչպիսինը կլինի։ Ավելի վտանգավոր է ուշանալ հիմա։ Հատկապես այս ամենը հայտարարելով, մենք չենք քանդում եղած համակարգը»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Հռչակագիրն ընդունվեց միաձայն։

Yerevan.today-ը հրապարակել է Ռոբերտ Քոչարյանի ելույթի արխիվային տեսանյութը։