Լրահոս
Միջազգային
13:46
04.03.22
120

Պետդուման ՌԴ ԶՈւ–ի վերաբերյալ «ֆեյքերի» համար ազատազրկման մասին օրենք է ընդունել

Img default alt hy

ՌԴ ԶՈւ գործողությունների մասին կեղծ լուրեր տարածելու, ԶՈւ-ն վարկաբեկելու, ինչպես նաև ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ սահմանելու կոչերի համար ՌԴ Պետդուման այսօր լիագումար նիստի ընթացքում երրորդ և վերջնական ընթերցմամբ քրեական պատիժ և խոշոր տուգանք նախատեսող օրինագիծ է ընդունել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

ՌԴ ԶՈւ գործողությունների մասին բացարձակ կեղծ հաղորդումներ տարածելու դեպքում նախատեսվում է տուգանք 700 հազարից մինչև 1.5 մլն ռուբլու չափով կամ դատապարտյալի աշխատավարձի, ինչպես նաև վերջին 18 ամսվա ընթացում նրա ունեցած այլ եկամտի չափով, կամ դատապարտյալը պատժվում է ուղղիչ աշխատանքներով մինչև մեկ տարի ժամկետով, կամ հարկադիր աշխատանքով մինչև 3 տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ նույն ժամկետով։

Կեղծ ապացույցներով կամ թշնամանքի և ատելության մոտիվներով պաշտոնատար անձանց, կազմակերպված խմբավորումների կողմից ՌԴ ԶՈւ–ի մասին կեղծ լուրեր տարածելու դեպքում 5-10 տարվա ազատազրկում է նախատեսվում կամ վարչարարական տուգանք 3-5 մլն ռուբլու կամ աշխատավարձի, ինչպես նաև վերջին 3-5 տարվա ընթացքում դատապարտյալի այլ եկամտի չափով, կամ մինչև 5 տարի հարկադիր աշխատանք։

Ծանր հետևանքներ թողած կեղծ լուրեր տարածելու դեպքում 10-15 տարվա ազատազրկում է նախատեսված։

Բացի այդ, օրենքը պատասխանատվություն է սահմանում ՌԴ ԶՈւ-ի վարկաբեկմանն ուղղված հանրային գործողությունների համար։