Լրահոս
Քաղաքական
19:15
23.08.25
175

Փաշինյանը ծանոթացել է Հայաստանում կայանալիք COP17-ի կազմակերպչական աշխատանքներին

Img default alt hy

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Մերիդիան» էքսպո կենտրոն, որտեղ նախատեսվում է անցկացնել Հայաստանում 2026 թվականին կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17):

ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը շրջայցի ընթացքում ծանոթացել է կենտրոնի պայմաններին և տեխնիկական հնարավորություններին:

Վարչապետին ներկայացվել են ենթակառուցվածքների և ծառայությունների մատչելիությունն ու համապատասխանությունն ապահովելուն ուղղված աշխատանքները, կենտրոնի շենքային, նախագծային և ինժեներատեխնիկական հնարավորությունները, ինչպես նաև համաժողովի անցկացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ձևավորման վերաբերյալ մասնագիտական առաջարկները։

Քննարկվել են COP17-ի արդյունավետ կազմակերպման և միջգերատեսչական համագործակցության ապահովման վերաբերյալ տարբեր առաջարկություններ:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է COP17-ը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու կարևորությունը՝ շեշտելով, որ այն ևս մեկ լավ հնարավորություն է միջազգային հանրությանը ներկայացնելու Հայաստանը՝ իր տնտեսական ու մշակութային հնարավորություններով: Նա պատասխանատուներին տվել է կոնկրետ հանձնարարականներ, որոնց կատարման ընթացքի վերաբերյալ պարբերաբար կանցկացվեն խորհրդակցություններ: