Լրահոս
Միջազգային
19:15
02.10.25
145

Նորվեգիան պլանավորում է միանալ ԵՄ-ի «անօդաչու թռչող սարքերի պատի» ստեղծման նախաձեռնությանը

Img default alt hy

Նորվեգիան պլանավորում է միանալ ԵՄ արևելյան թևում «անօդաչու թռչող սարքերի պատի» ստեղծման՝ Եվրամիության երկրների նախաձեռնությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն։

«Այո, մենք շփման մեջ ենք (Եվրոպական) հանձնաժողովի հետ՝ այդ նախաձեռնության մի մասը դառնալու համար», - Կոպենհագենում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից առաջ լրագրողների հետ նրա զրույցից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Նորվեգիայի վարչապետը չի նշել, թե ինչ ձևով է իր երկիրը, որը ԵՄ անդամ չէ, մտադիր միանալ նախաձեռնությանը։ Միևնույն ժամանակ, Յոնաս Գար Ստյորեն նշել է, որ երկիրը նաև աշխատում է Եվրոպական հանձնաժողովի այլ նախաձեռնություններին միանալու ուղղությամբ, որոնք ուղղված են անօդաչու թռչող սարքերին հակազդելու՝ ԵՄ հնարավորությունների ամրապնդմանը։ 

Ավելի վաղ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել էր, որ Եվրոպական հանձնաժողովը կառաջարկի անհապաղ միջոցներ Եվրոպայի արևելյան թևում «անօդաչու թռչող սարքերի պատ» ստեղծելու համար։ Նա նաև նշել էր, որ Եվրոպայի պատասխանն իր օդային տարածք հնարավոր ներխուժումներին կլինի «վճռական և միասնական»։

«Անօդաչու թռչող սարքերի պատ» նախագիծը Գերմանիայի, Լեհաստանի, Ֆինլանդիայի և Բալթյան երկրների համատեղ նախաձեռնությունն է, որի նպատակն է Ռուսաստանի Դաշնության հետ սահմանի երկայնքով մոնիթորինգի և անօդաչու սարքերից պաշտպանության ավտոմատացված բազմաշերտ միջոցների համակարգի տեղակայումը: Նախագիծը ներկայումս գտնվում է մշակման փուլում: