Լրահոս
Հայաստան
13:11
05.03.22
178

Նոր օլիգարխ՝ ՔՊ հովանու ներքո․ Hraparak.am

Img default alt hy

hraparak.am-ը գրում է․

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Նարեկ Նալբանդյանի դեմքով իր սրտի օլիգարխն է կերտում՝ ասում են վերջինիս ճանաչողները: Եթե Նարեկ Նալբանդյան անունը ոչինչ չի ասում, հիշեցնենք, որ նա վերջերս 5 միլիարդ դրամով ձեռք է բերել «Գոլդեն փելես» հյուրանոցը:

Ընդ որում, ձեռք է բերել վարկային միջոցների հաշվին, այսինքն՝ բանկերն են աջակցել, որ նա նման թանկ գնում անի՝ պարզերես անելով իշխանություններին և հասարակությանն ապացուցելով, որ ապօրինի գույքի բռնագանձում ասվածը միֆ չէ՝ դա իրականացվում է, գույքը ոչ միայն բռնագանձում են, այլև վաճառում, և պետական բյուջեն դրանից շահում է։ 

Մինչև գործարար ոլորտ մտնելը Նարեկ Նալբանդյանը սովորական քննիչ է եղել եև սերտ կապեր է ունեցել նախորդ իշխանությունների երևելի դեմքերի հետ: 2018 թվականից հետո Նարեկի տերերը փոխվեցին. հիմա նա «պրիզնատ է գալիս» միայն իշխող ՔՊ-ին ու հատկապես Պետական վերահսկողական ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանի եղբորը: «Իրար պաչ ու պռոշտիով են բարևում»,- ասաց կողմերին լավ ճանաչող զրուցակիցս, ըստ որի՝ Նարեկի նոր տերերն ուզում են «փոքր քննիչից մեծ օլիգարխ ստանալ»:

Հիշեցնենք, որ ձվի շուկայում դեմպինգի իրականացումը ևս կապվում է նորահայտ օլիգարխի՝ Նարեկ Նալբանդյանի անվան ու նրա տնօրինության տակ անցած «Շիրակ» թռչնաֆաբրիկայի հետ:

«Ձվի գինն իջեցրել է ընդհուպ մինչև 25 դրամ: Ճիշտ է՝ խանութներ կան, որ իրենց հեղինակությունը պահելու համար չեն էժանացնում, բայց, մեծ հաշվով, այն նույնիսկ ինքնարժեքից ցածր գնով է վաճառվում: Ինչպե՞ս դա կարող է լինել, եթե ձվի ինքնարժեքը 30-35 դրամ է, կերն էլ՝ ներմուծվող»,- հարցնում է զրուցակիցս: Հիշեցնենք, որ այս դեմպինգի պատճառով մի քանի օր առաջ «Լուսակերտ» թռչնաբուծարանի աշխատողները բողոքի ակցիա էին անում, և հավերն էլ նվիրեցին գյուղացիներին, քանի որ այլևս չեն կարողանում կերակրել և առհասարակ՝ գոյատևել։

Բայց ամենազարմանալին այն է, որ թռչնակերն ամենաթանկ գնով հենց Նարեկ Նալբանդյանն է ձեռք բերում: Ըստ զրուցակցիս՝ նա այն գնում է Երևանում գտնվող «Արդանե» կոչվող ընկերությունից:

«Այսինքն՝ ինքնարժեքն իր վրա ավելի թանկ է նստում, բայց ձուն ամենաէժանն է վաճառում: Գիտեմ, որ օրական 100-150 հազար դոլար տակ է տալիս ու չի տրտնջում, որովհետև տերերը լուսավոր ապագա են խոստացել: Հիմա մինուսով կաշխատի, որ հետո ֆաբրիկաներն արհեստականորեն սնանկացման գնան, ու ինքն աճուրդով դրանք ձեռք բերի: Սկսել է խոշորներից: Երբ թռչնաշուկան ամբողջությամբ իր վերահսկողությանն անցնի, ձվի գինը կբարձրացնի, մեկ տարի էլ որ ձուն 100 դրամով ծախի, կորցրածը հետ կբերի»:

Զրուցակցիս փոխանցմամբ՝ Նարեկ Նալբանդյանին անխոցելի օլիգարխ են դարձնում կառավարության թողտվությամբ․ «Բացի «Գոլդեն փելեսից», նրան են պատկանում նաև «Շիրակ» թռչնաֆաբրիկան, երկու ալրաղաց, տրանսպորտային մեկ ընկերություն, որոնք այս պահին աշխատում են մինուսով: Ինքն էլ հարկերից ազատված է»: 

Իսկ Նալբանդյանները երեք եղբայր են՝ Նարեկը փոքրն է։ Նրանք տարիներ առաջ ստեղծել են «ՄԱՆ հոլդինգը», որը զբաղվել է ոչ միայն թռչնաբուծությամբ, այլև անասնակերերի ու ալյուրի արտադրությամբ («Նալբանդյան ալյուր»), կազմակերպել է սպիրտի արտադրություն, տնտեսական ապրանքների ներմուծում և մանրամեծածախ առևտուր, բեռնատար մեքենաների վերանորոգում: «Գյումրի հավկիթ»-ը և «Նոր Լուսակերտ հավկիթ»-ը նույնպես «ՄԱՆ հոլդինգին» են պատկանել:

Եղբայրներն անգամ մի փորձ են արել քաղաքականությամբ զբաղվելու՝ 2016թ. ՏԻՄ ընտրություններին մասնակցել է եղբայրներից մեկը՝ Աշոտ Նալբանդյանը։ Ապա, չնայած իրենք վստահ են, որ Նալբանդյանը հաղթել է, սակայն հաղթանակը շնորհվել է ՀՀԿ-ական թեկնածուին: Եղբայրներից ավագը՝ Միհրանը, բնակվում է Ռուսաստանում, զբաղվում է հյուրանոցային բիզնեսով: Բայց նաև լուրեր կան, որ եղբայրների հարաբերություններն ինչ-որ պահից դադարել են ջերմ լինելուց,  և նրանց ճանապարհները բաժանվել են։

Այժմ ասպարեզում է կրտսեր եղբայրը, որն իր ՔՊ-ական կապերի շնորհիվ կամաց համալրում է Հայաստանի խոշոր բիզնեսմենների շարքերը»։