Լրահոս
Արցախ
19:47
02.09.25
435

Մեր նահատակ եղբայրներն իրենց կյանքը զոհեցին ոչ թե մահվան, այլ կյանքի համար. Տեր Անդրեաս քահանա Թավադյան

Img default alt hy

«Այսօր հավաքվել ենք հիշելու և օրհնելու Արցախի անկախության հռչակման 34-րդ տարեդարձը։ Սա օր է, որը մեզ հիշեցնում է ոչ միայն մեր ժողովրդի հաղթանակները, այլև մեր կրած ցավն ու խաչը»,- այս մասին Ազատության հրապարակում ընթացող հավաքի ժամանակ ասաց Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու նախկին հոգևոր հովիվ Տեր Անդրեաս քահանա Թավադյանը՝ հավելելով․

«Այսօր մեր հիշողության մեջ միայն պատմական փաստ չէ, այլ խաչի և հարության ճանապարհի շարունակությունն է, որին մասնակից եղավ մեր ժողովուրդը։ Արցախի անկախությունը ծնվեց ոչ թե թղթի վրա, այլ արյան և աղոթքի մեջ, այն ծնվեց այն պահին, երբ մանուկները մկրտվեցին խրամատներում, երբ մայրերը որդիներին օրհնությամբ ուղարկեցին կռվի դաշտ, երբ քահանաները թշնամու գնդակների տակ մատուցեցին սուրբ պատարագ։ Արցախի ազատությունը ծնվեց աղոթքի ու արյան սրբագործումով։ Մեր նահատակ եղբայրներն իրենց կյանքը զոհեցին ոչ թե մահվան, այլ կյանքի համար, որովհետև գրված է՝ ավելի մեծ սեր ոչ ոք չունի, քան այն, որ մեկն իր կյանքը տա իր բարեկամների համար։ Այս զոհողության մեջ է մեր հավերժական ուժը։

 Այո՛, այսօր Արցախի հողը թշնամու ձեռքում է, բայց նրա ոգին ապրում է։

Արցախը միայն աշխարհագրություն չէ, այլ հավատքի հայրենասիրության և արդարության նշան։ Եթե հիշում ենք մեր նահատակներին, եթե ապրում ենք նրանց կամքով, ապա Արցախը չի կարող մեռնել։ Սիրելիներ, մենք պարտավոր ենք մեր սրտում պահել մեր ազատության լույսը,  որովհետև այն միայն մեզ չի տրված, այլ գալիք սերունդներին։ Այսօր մեր աղոթքը թող լինի նախ և առաջ մեր հերոս նահատակների հոգիների համար, նրանց ընտանիքների մխիթարության համար, վիրավորների հաշմանդամների առողջության համար, մեր գերիների ազատության համար և  մեր ժողովրդի ամրության և շուտափույթ վերադարձի համար»,- ասաց Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու նախկին հոգևոր հովիվը։