Լրահոս
Քաղաքական
13:19
25.09.25
257

Մեր ապագայի պատմության դասագրքերում հաստատ լինելու են Միքայել սրբազանի խոսքերը․ Քրիստինե Վարդանյան

Img default alt hy

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրել է.

«Այսօրվա դատական նիստից առաջ գործընկերների հետ հերթական անգամ այցելել էինք Միքայել Սրբազանին:

Զրույցն, ինչպես միշտ, ընթացավ ամենատարբեր թեմաներով: Սրբազանն, ինչպես միշտ, շատ ուղիղ, առանց այլևայլությունների շատ սուր ու ուղիղ քննադատեց բոլոր քաղաքկան ուժերին, ծանր քննադատեց նաև մեր քաղաքական ուժին: Խոսեց օբյեկտիվ խնդիրներից, իր պատկերացումներից:

Մենք՝ երեք պատգամավորներով, լսում էինք նրան, հարցնում իր պատկերացրած ելքերի մասին, խոսում մեր պատկերացումներից:

Գիտեք ինչն է թույլ տալիս ունենալ նման խոսակցություններ, առանց մտածելու քեզնից տարբեր կարծիք ունեցողին բանտարկելու կամ հալածելու մասին. պարզ գիտակցումը, մեր ունեցած բոլոր տարակարծություններից ավելի մեծ և զորեղ են մեր ընդհանրությունները՝ Հայաստանի շահն ու ապագան:

Որքան փորձեն մեջտեղ բերել մեր տարբերությունները, ակնհայտ է, մենք ավելի շատ ու ավելի ուժեղ միավորող արժեքներ ունենք: Ու մեր խորհրդանիշերի դեմ արշավը, Միքայել Սրբազանի, բոլոր արդարների դեմ հետապնդումները սա ցույց են տալիս ամենավառ կերպով:

Որ արժեքին կամ անհատին հարվածում է վարչախումբը, նա էլ ի վերջո դառնում է ամենատարբեր մարդկանց միավորող առանցք:

Վերջում եկանք պարզ եզրակացության. որքան էլ փորձում են ջնջել մեր պատմությունը, հենց հիմա, շատերի զրկանքների գնով գրվում է մեր իրական պատմությունը, մեր ապագայի պատմության դասագրքերը, որտեղ հաստատ լինելու են նաև Միքայել Սրբազանի խոսքերը:

Արդյոք հիմա նրա նկատմամբ վրեժխնդրություն իրականացնողները լինելու են այդտեղ՝ վստահ չեմ: Գիտեմ միայն, որ այս մարդիկ՝ իրենց թիրախներով ցույց են տալիս հենց այն արժեքները, որոնք մեզ միավորում են անկախ մեր տարբերություններից:

Երևի պետք է անցնել այս ամենի միջով, մեր արժեհամակարգային հիմքերը վերգտնելու ու դրանց շուրջ միավորվելու համար»։