Լրահոս
Հասարակական
09:47
04.03.22
647

«Մենք մեր թոռնիկներին, մեր երեխեքին մեկ-մեկ հայհոյանքով դիմում ենք, բայց դրա մեջ այնքա՜ն ջերմություն կա». Աղազարյան

Img default alt hy

Երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, երբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը հարց է ուղղել արցախցու հացահատիկի արտերը թշնամուն թողնելու մասին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մատով է խոսելու այն պատգամավորների հետ, որոնք հողատու կասեն իրեն ու նրանց վրա մատ թափ կտա, ուրիշ բան էլ: 

«Aravot.am»-ը ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանից հետաքրքրվել է, թե նա ինչ տպավորություն է ստացել․

«Եթե շատ օբյեկտիվ լինեք, դուրս գանք զգացմունքային դաշտից, ապա ես կարող եմ վստահաբար ասել, որ վարչապետի արձագանքը ավելի քան համարժեք էր այն պահվածքին, ինչ ցուցաբերեցին մեր ընդդիմադիր գործընկերները»:

 Երբ լրագրողը հիշեցրել է, թե «հողատու» բառն են ասել ու դրանից ափերից դուրս է եկել՝ Աղազարյանն արձագանքել է. 

«Երբ որ դու միտք ես արտահայտում՝ մտահոգություն ունենալով հայրենիքի, պետականության հետ կապված, դու կենտրոնացիր դրա վրա և քո հարցը տուր: Երբ որ ամեն անգամ միտքդ արտահայտելուց գնում ես Արցախում վարուցանքին, որը իմ մոտ շա՜տ վատ ասոցիացիաներ է առաջացնում, որովհետև այդ վարուցանքի վրա ծախսվել է բանակի դիզվառելիքը, զինվորների աշխատանքը, ճիշտ է, այդ ցորենը մեր հայրենիքում օգտագործվել է որպես պարենային ապրանք, բայց այդուհանդերձ այդ միջոցները գնացել են և դառել են դղյակներ, պալատներ, չեն դառել զենք ու զինամթերք, չեն դառել մեր հայրենիքի պաշտպանական գոտիներ: 

Այդ ասոցիացիաներն է առաջացնում, հետևաբար պետք չի ասել, ամեն անգամ մի հատ քո հարցադրմանը նմանատիպ տասնապատիկ պատասխան կստանաս, անտեղի տեղը ի՞նչ ես…արտահայտիր քո անհանգստությունը ու ստացիր ադեկվատ պատասխան, որ բոլորն էլ քեզանից հա՛մ գոհ լինեն, հա՛մ օգուտ ունենան»: 

Դիտարկմանը, որ քաղաքական խոսք էր հնչում քաղաքական մարմնում, բայց դրան ի՞նչ արձագանք եղավ ու դուք, որպես տղամարդ, ո՞նց կզգայիք, եթե ձեզ նույն բանն ասեին՝ Աղազարյանը պատասխանել է. 

«Ես գտնում եմ, որ վարչապետի արձագանքն ու պատասխանը ավելի քան ադեկվատ էր այն իրավիճակին, որ տիրում էր այդ պահին ԱԺ-ում: Մեկ ուրիշը կարող է պատահի նույնիսկ…»:

Ճշտել են՝ կարող է չդիմանա և հայհոյի, հա՞՝ Աղազարյանը պատասխանել է.

 «Օրինակի համար կարող է և այդպիսի բան էլ լինի, որովհետև անկախ ամեն ինչից մենք բոլորս էլ մահկանացու ենք, ունենք մեր թերություններն ու առավելությունները, հետևաբար պետք է հարգել նաև դիմացինի պահվածքը, համբերության չափը: Գիտեք ինչ կա, կարելի է շատ հանգիստ նայել մարդու աչքերին, ասել՝ ի՜նչ գեղեցիկ ես դու, ի՜նչ լավն ես դու, բայց այդ խոսքերը շատ ավելի վիրավորական լինեն՝ ասելու ձևից կախված, քան ամենաթունդ հայհոյանքը:

Եվ հակառակը. Մենք մեր թոռնիկներին, մեր երեխեքին մեկ-մեկ հայհոյանքով դիմում ենք՝ իբրև թե հայհոյանք, բայց դրա մեջ այնքա՜ն ջերմություն կա, այնքան հարազատություն կա: Օրինակի համար ասում ենք՝ շատ լակոտ, բան…մարդիկ կան, ուրիշ բաներ էլ են ասում խոսքի օրինակ: Այսինքն, կախված է, թե դու ոնց ես ասում:

Բա հիմա դու, որ ասում ես, գիտես պատասխան պիտի չստանա՞ս: Չէ՛, այդպես ճիշտ չի, ասում ես՝ պետք է պատրաստ լինես պատասխան ստանալու: Անձամբ ես բազմաթիվ առիթներ ունեցել եմ նմանատիպ իրավիճակներում լինել: Ես մենակ մի անգամ եմ պապանձվել, ձեն չեմ հանել, որովհետև աղջնակ էր, այդ աղջնակին ես բան չէի կարա ասեի: Բոլոր մյուս դեպքերում ոչ թե ադեկվատ պատասխան եմ տվել, այլ՝ մի քանի անգամ ավել»: