Լրահոս
Արցախ
15:50
02.09.25
373

Դեմ ենք արտահայտվել Մինսկի խմբի լուծարմանը, որովհետև դա միջազգային հարթակներում ստեղծված միակ մեխանիզմն էր, որը զբաղվում էր Արցախի հարցով․ Շահրամանյան

Img default alt hy

Մենք դեմ ենք արտահայտվել Մինսկի խմբի լուծարմանը, որովհետև դա միջազգային հարթակներում ստեղծված միակ մեխանիզմն էր, որը զբաղվում էր Արցախի հարցով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արցախի 5-րդ նախագահ Սամվել Շահրամանյանը:

«Սակայն տեսանք, որ նույնիսկ Մինսկի խմբի գոյության պայմաններում հնարավոր եղավ արցախցիներին բռնի տեղահանել իրենց հայրենիքից։ Հույս ունենք, որ կստեղծվեն այլ մեխանիզմներ, և մենք ևս կկարողանանք օգտվել դրանցից»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Փաշինյանի գրառմանը՝ Շահրամանյանը նախ նշեց, որ չի ուզում մեկնաբանել նրա խոսքերը, բայց ուզում է անդրադառնալ մի հարցի:

«Եթե այսօր ասում են, որ Արցախի հարցը փակ է, որ Մինսկի խումբը լուծարվել է, և Արցախը համարվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս, ապա պետք է արձանագրել՝ այս ամենը իրականացվել է ՀՀ քաղաքացու կողմից տրված մանդատի շրջանակներում։ Փաշինյանն ինքն էր ասում՝ եթե դեմ եք այն ամենին, ինչ ես անում եմ, շարունակեք առանց ինձ։

Այս պարագայում ես համարում եմ, որ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի, անկախ նրանից՝ մասնակցել է ընտրություններին, թե ոչ, ընտրել է այդ քաղաքական ուժին, թե ոչ, իր բաժին պատասխանատվությունն ունի։ Հույս ունեմ, որ առաջիկա հավանական ընտրությունների դեպքում ՀՀ քաղաքացին իր խոսքը կասի, և մենք՝ որպես Արցախի իշխանությունների ներկայացուցիչներ, այդ հիման վրա կկողմնորոշվենք»,- ասաց նա։

Անդրադառնալով Արցախը լուծարելու վերաբերյալ հրամանագրին ու պատմության դասագրքի հայտնի հրապարակմանը, Շահրամանյանը նշեց․

«Դա իրականության հետ աղերս չունի: Փաստաբան Ռոման Երիցյանն անդրադարձել է այս հարցին, կգնանք իրավական ճանապարհով։ Այդ փաստաթուղթը միակ հնարավորությունն է եղել, որպեսզի ապահովեինք արցախցիների անվտանգ դուրս բերումը շրջափակումից: Այդ փաստաթուղթն իրավական ուժ չի ստացել ու տեղափոխվելուց հետո այն անվավեր ենք ճանաչել»։