Լրահոս
Քաղաքական
23:57
21.07.22
241

Մարզպետը հերքում է լուրերը

Img default alt hy

Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը ֆեյսբուքյան գրառմամբ հերքել է թուրքերի՝ Արագածավան գյուղ մտնելու և հովիվներին գերի վերցնելու մասին լուրերը․

«Ի պատասխան 168.am լրատվական կայքում րոպեներ առաջ տեղ գտած՝ «Ինչ է կատարվում Արագածավանում» վերտառությամբ հրապարակմանը, հայտնում ենք, որ լուրը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։ Արագածավան ոչ մի թուրք չի մտել, ոչ մի հովիվ գերի չէ։

Չենք բացառում, որ կեղծ ահազանգը կարող էր որևէ մեկի կամ մի խումբ անձանց նենգ ու ոչ ողջամիտ արարքը լինել։

Լրատվամիջոցներին կոչ ենք անում առանց տեղեկատվությունը պաշտոնապես ճշգրտելու չհրապարակել իրականությանը չհամապատասխանող լուրեր, առավել եւս, երբ դրանք վերաբերում են մեր հայրենակիցների անվտանգությանը»։

Նշենք, որ քիչ առաջ 168.am-ը տեղեկություն էր տարածել, որ Թալինի Արագածավան գյուղում լարված իրավիճակ է. երեք զինված թուրքեր են մտել, ութ հովիվների` իրենց անասուններով գերի են վերցրել, որոշ ժամանակ անց ռուսական կողմի միջնորդությամբ սկզբում անասուններին են բաց թողել, այնուհետև` հովիվներին: Զինված և հայերենին լավ տիրապետող թուրքերը դեռ գյուղում են, ոստիկանությունը փնտրում է նրանց` ժողովրդին կոչ անելով տներից դուրս չգալ: