Լրահոս
Հասարակական
23:02
25.07.22
202

«Կասկադ» համալիրում ՌԴ քաղաքացիները ենթարկվել են հարձակման

Img default alt hy

«Shamshyan.com»-ի տեղեկություններով՝ երեկ, հուլիսի 24-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչություն է դիմել ՌԴ քաղաքացի՝ 23-ամյա Ա.Պրոխորովը, ով հայտնել է, որ նույն օրը, ժամը 02։00-ի սահմաններում իր ընկերների՝ ՌԴ քաղաքացիներ, 23-ամյա Է. Բալասանյանի և 23-ամյա Ա. Կորչագինի հետ գտնվել են «Կասկադ» համալիրի աստիճանահարթակի վերին հատվածում, երբ իրենց են մոտեցել 3 երիտասարդ, որոնցից երկուսը ներկայացել են որպես ռուսներ, նրանցից մեկի ձեռքում դանակ է եղել և իրենցից պահանջել են գումար և ոսկի։  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ Ա. Պրոխորովի հայտնածի՝ իր ընկերներից մեկը նրանց է տվել իր ոսկյա մատանին, իսկ մյուս ընկերը՝ արծաթյա ձեռնաշղթան։  

Այնուհետև բոլորով միասին մոտեցել են Ազատության պողոտա 2 հասցեում գտնվող «Այ Դի բանկ»-ի բանկոմատին, որտեղից ինքը կանխիկացրել է գումար և տվել նրանց, որից հետո վերջիններս դիմել են փախուստի։  

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը պարզելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։