Լրահոս
Աշխարհ
12:06
20.09.25
104

Կամչատկայի ափերի մոտ 5.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Img default alt hy

ՌԴ Կամչատկա թերակղզու ափերի մոտ սեպտեմբերի 20-ին տեղի է ունեցել վերջին ամիսների ընթացքում հերթական երկրաշարժը, այս անգամ՝ 5.8 մագնիտուդ ուժգնությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության տարածաշրջանային մասնաճյուղը։

Էպիկենտրոնը գտնվել է Պետրոպավլովսկ Կամչատսկիից 97 կմ հեռավորության վրա՝ Խաղաղ օվկիանոսում՝ 47․5 կմ խորության վրա։

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր վարչությունը տեղեկացրել է, որ բնակավայրերի մոտ այն զգացվել է Ռիխտերի սանդղակով 4 բալին համարժեք ուժգնությամբ, ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։

Այս տարվա հուլիսի 30-ին Կամչատկայում տեղի էր ունեցել 1952 թվականից ի վեր ամենաուժեղ երկրաշարժը՝ 8.8 մագնիտուդ ուժգնությամբ։ Դրանից հետո գիտնականները գրեթե ամեն օր գրանցում են հետցնցումներ, որոնց մեծամասնությունը բնակավայրերում չի զգացվում։ Սեյսմոլոգները նշում են, որ հետցնցումների ինտենսիվությունն ու հզորությունը աստիճանաբար նվազում է։