Լրահոս
Քաղաքական
12:24
29.08.25
429

Հայտարարում ենք «Մեր Ձևով» կամավորական շարժման մեկնարկի մասին․ Նարեկ Կարապետյան

Img default alt hy

Հայտարարում ենք «Մեր Ձևով» կամավորական շարժման մեկնարկի մասին: Այս մասին հրավիրված ասուլիս-շնորհանդեսում ասաց «Մեր Ձևով» շարժման համակարգող ղեկավար Նարեկ Կարապետյանը։

Կարապետյանը նշեց, որ Հայաստանի հասարակական և քաղաքական կյանքում հասել ենք մի կետի, երբ մեր ժողովրդի սպասելիքները չեն բավարարվում:

«Առկա հասարակական և քաղաքական խմբերը, կենտրոնանալով իրար հանդեպ ատելություն քարոզելու վրա, մեր ժողովրդի մեջ հակասություններ են սերմանում: Ինչքան ավելի շատ են հակասություններն ու ատելությունը, այնքան ավելի անհաջող են գնում մեր գործերը: Այստեղ կարևոր դեր ունի իշխանության գործելաոճը: Իշխանությունը դեղին մամուլի խմբագրից չտրասֆորմացվեց պետական միավորող գործչի:

Ընդդիմության հանդեպ ատելությունն  էլ որ առաջացել է անարադարություններից, խանագարում է իրավիճակին նայել սառն ու ոչ էմոցիոնալ: Տարիներ առաջ իշխանություններն ասում էին՝ հպարտ քաղաքացիներ, այսօր նրանք մեզ ուրիշ բանի մեջ են համոզում, ասում են՝ մեր ազգը պետք է զիջի ու համակերպվի, որ մեր ազգը ձև չունի: Հայ ազգը ձև ունի, մնում է բոլորին ցույց տալ մեր ձևը»,- ասաց նա:

«Այսօր մենք ազգային բարերար Սամվել Կարապետյանի համախոհներս և գործընկերներս հայտարարում ենք մեր ձևով կամավորական շարժման հիմնադրման մասին։ Ի՞նչ է նշանակում կամավորական շարժում և ինչու ենք մենք դրա, այլ ոչ թե կուսակցության մեկնարկի մասին հայտարարում։ Կամավորական շարժումը այն հարմար ձևաչափն է, որը թույլ կտա առանց բաժանելու մեր հասարակությանը համախմբել մարդկանց լավ, մեծ ու բարի գործեր անելու համար։

Շարժումը ապաքաղաքական կամավոր միավորում է, մարդկանց, որոնք պատրաստ են անձնուրաց ծառայել հանրօգուտ նպատակի։ Շարժման մասնակիցները կարող են լինել տարբեր մասնագիտությունների և հայացքների տեր մարդիկ, որոնք կարող են աշխատանքից ազատ ժամանակ մասնակցել շարժման աշխատանքներին։

Նշանակու՞մ է արդյոք, որ մենք կուսակցություն, կոնկրետ, ինչպես Սամվել Կարապետյանն էր ասում, սկզբունքորեն նոր քաղաքական ուժ այլևս չենք ստեղծելու։ Ոչ, չի նշանակում։ Սա մեր կատարելիք աշխատանքի միայն առաջին փուլն է, Հայաստանում առաջիկայում ընտրական գործընթացներ են սպասվում և դրանց մասնակցելու օրենքով նախատեսված ամենահարմար ձևը կուսակցական մասնակցությունն է։

Եվ մեր գործունեության երկրորդ փուլում մենք պատրաստվում ենք մեր մշակած մասնագիտական ծրագրերը, նախագծերը, շարժման հիման վրա ստեղծվելիք կուսակցության միջոցով վերածել պետական ծրագրերի։ Վստահ ենք որ կարողանալու ենք դա անել 2026 թվականին կայանալիք ընտրական գործընթացների արդյունքում»։