Լրահոս
Քաղաքական
19:54
27.09.25
667

Իմաստ ունի, որ Ալիևը պարզաբանի՝ ինչ նկատի ունի «Զանգեզուրի միջանցք» ասելով․ Փաշինյան

Img default alt hy

Հայաստանի և Ադրբեջանի միջև պաշտոնական բանակցություններում երբևէ չի եղել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի ամբիոնից այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ՄԱԿ-ի ամբիոնից արված հայտարարություններին։

«Ադրբեջանի նախագահը, ում հետ ընդունել ենք Վաշինգտոնի հռչակագիրը, դրանից հետո մի քանի անգամ, այդ թվում այս ամբիոնից օգտագործում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը։ 

Նման արտահայտություն Վաշինգտոնում համաձայնեցրած փաստաթղթերում չկա, Հայաստան–Ադրբեջան բանակցություններում կամ փաստաթղթերում երբեք չի եղել։ Կարծում եմ իմաստ ունի, որ ադրբեջանցի գործընկերս պարզաբանի, թե ինչ նկատի ունի այդ արտահայտությունը օգտագործելով, որովհետեւ հայաստանյան իրականության մեջ դա ընկալվում է որպես տարածքային պահանջ Հայաստանից եւ կոնֆլիկտային խոսույթի հետ է ասոցացվում»,- հայտարարեց Փաշինյանը։ 

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարություններին Հայաստանի «կապիտուլյացիայի» մասին՝ Փաշինյանը հավելեց․ «Ճիշտն ասած չեմ հասկանում, որ՞ն է ահռելի պոզիտիվ բովանդակության առկայության պայմաններում, որը ձեռք է բերվել համատեղ ջանքերով, օբյեկտիվ իրականության հետ կապ չունեցող ագրեսիվ ենթատեքստերի հոլովումը։ Մի՞թե խաղաղությունը բավարար բերկրանք եւ բավարարվածություն չի՞ պատճառում։ Ինձ օրինակ, պատճառում է»։

Նա ընդգծեց, որ իրեն բավարար բերկրանք է պատճառում  նաև այն, որ Հայաստանի Հանրապետությունը տպավորիչ տեմպերով զարգացող, անկախ, ինքնիշխան, սեփական ապագան այսօր կառուցող ժողովրդավարական պետություն է եւ ատելություն չի տածում ու չի տարածում հարևանների նկատմամբ։

«Միջազգային հանրությանը կոչ եմ անում ի գիտություն ընդունել, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» եւ այդօրինակ խոսույթները ձեռք բերված պայմանավորվածություններից չեն բխում, կապ չունեն համաձայնությունների հետ, ունեն գրգռող եւ նեգատիվ ազդեցություն եւ ընկալվում են որպես ինքնիշխան երկրի նկատմամբ տարածքային պահանջ, ի հեճուկս ձեռք բերված եւ հռչակված պայմանավորվածությունների»,- եզրափակեց Փաշինյանը։