Լրահոս
Առողջապահական
23:30
20.12.22
296

Ձվարանի ֆունկցիոնալ կիստա․ ի՞նչ խնդիր է և արժե՞ արդյոք անհանգստանալ

Img default alt hy

«Aysor.am»-ը գրում է.

«Ուլտրաձայնային հետազոտության արդյունքում ձվարանի ֆունկցիոնալ կիստայի  ախտորոշումը չպետք է դառնա տագնապի, կամ մտածմունքների պատճառ։

Ձվարանի ֆունկցիոնալ կիստաները (ֆոլիկուլյար, դեղին մարմնի և այլն) բարակ պատերով հեղուկային գոյացություններ են: Դրանք կարող են առաջանալ ձվարանում ֆոլիկուլի հասունացման և օվուլյացիայի ժամանակ, երբ ֆոլիկուլը չպայթելով՝ վերածվում է կիստայի:

Ֆունկցիոնալ կիստայի առաջացման պատճառ կարող են հանդիսանալ սթրեսը, հորմոնալ դիսբալանսը, ֆիզիկական մեծ ծանրաբեռնվածությունը, քաշի տատանումները, դիետաները և այլն։ Դրանք կարող են ընթանալ միանգամայն առանց նշանների և ի հայտ գալ պատահաբար՝ ՈւՁՀ հետազոտության ժամանակ: Երբեմն հնարավոր է նաև ցավ, դիսկոմֆորտ հարաբերության ժամանակ և նման այլ գանգատներ:

Մասնագետները այն կարծիքին են, որ ՈւՀՁ հետազոտությամբ ձվարանի կիստա կամ գոյացություն ախտորոշումից պետք չէ տագնապել, քանի որ նմանատիպ կիստաները մեծամասամբ բուժում չեն պահանջում։ Սովորաբար մինչև 3 ամսվա ընթացքում նրանք ինքնուրույն անհետանում են։

Ցուցված է դաշտանային ցիկլից հետո 3-6 ամսվա դինամիկ ՈւՁՀ հսկողություն:

Հնարավոր է նաև, որ ֆունկցիոնալ կիստան ինքնուրույն չանցնի, այլ անհրաժեշտ լինի բժշկական միջամտություն։ Եթե մինչև 6 ամսվա ընթացքում կիստան պահպանվում է, հնարավոր է խոսքը գնում է ձվարանի այլ ծագման կիստայի մասին: Այս պարագայում արդեն մոտեցումները ևս այլ կլինեն:

Երբեմն 5սմ և ավելի մեծ չափերի ֆունկցիոնալ կիստաները կարող են ուղեկցվել բարդություններով՝  ձվարանի ոլորում, կիստայի պատռում և այլն, որոնք պահանջում են բուժում, իսկ երբեմն նաև վիրահատական միջամտություն:

Ձվարանի կիստայի զարգացման ռիսկը կարող է բարձրանալ հետևյալ գործոններով.

Հորմոնային խնդիրներ

Հղիություն. երբեմն ձվազատումից հետո առաջացած կիստաները պահպանվում են ողջ հղիության ընթացքում:

Էնդոմետրիոզ. այս հիվանդության պատճառով ձվարան հասած արգանդի լորձաթաղանթի բջիջները աճում և ձևավորում կիստա:

Սուր փոքրկոնքային վարակ. ձվարաններ տարածված վարակը կարող է դառնալ կիստայի պատճառ:

Նախկինում ձվարանի կիստա. եթե նախկինում ունեցել եք ձվարանի կիստա, հավանական է, որ ապագայում ևս կունենաք այլ կիստաներ:

Ֆունկցիոնալ կիստաները կարող են նաև կրկնվել։ Կրկնվող ֆունկցիոնալ կիստաների դեպքում կնոջը ցուցվում է հորմոնալ ֆոնի հետազոտություն և պատճառների վերացում»: