Լրահոս
Քաղաքական
10:55
27.09.25
308

Ցավոք, ականատես ենք լինում, որ աշխարհում շատ ու շատ հարցեր լուծվում են ուժի տարբերակով․ Սամվել Շահրամանյան

Img default alt hy

Տարիներ շարունակ ձևավորված է եղել Մինսկի խումբը, որը զբաղվում էր Արցախի հակամարտության կարգավորմամբ և տարիներով լսում էինք, որ Արցախի հարցը չունի ռազմական լուծման տարբերակ. ցավոք, աշխարհում փոխվել է իրավիճակը։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 27–ին, 44–օրյա պատերազմ սկսելու 5–րդ տարելիցի օրը «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը։

«Այսօր, ցավոք, ականատես ենք լինում, որ աշխարհում շատ ու շատ հարցեր լուծվում են ուժի տարբերակով։ Ինչ վերաբերում է նրան, թե կարո՞ղ էինք խուսափել պատերազմից և պարտությունից, ես այս պահին այդ հարցին չեմ կարող պատասխանել»,–ասաց նա։

Սամվել Շահրամանյանն անդրադառնալով Վաշիգտոնում ձեռք բերված համաձայնություններին, և հարցին, թե արդյոք սա խաղաղություն է, ինչպես պնդում է իշխանությունը, ասաց. «Մենք ողջունում ենք ցանկացած նախաձեռնություն, որն ուղղված է խաղաղության, սակայն մենք մշտապես նշում են, որ արցախցիների հարցը պետք է ստանա համապատասխան լուծում։ Չի կարող այս հարցը համարվել լուծված, եթե արցախցին զրկված է իր հայրենիքից։ Այսօր աչք փակելով այդ հարցի վրա, մեծ խնդիր են ստեղծում ապագայի համար հնարավոր է թե Ադրբեջանում, թե Հայաստանում։ Այս հարցը պետք է ստանա համապատասխան լուծում՝ արժանապատիվ ու անվտանգ վերադարձի տեսքով»,– ընդգծեց նա։

Ինչ վերաբերում է խոսույթին, թե մնայիք, կռվեիք, չտայիք Արցախը, Սամվել Շահրամանյանն ասաց. «Այդ խոսույթին ես լուրջ չեմ վերաբերում, նման արտահայտություն անողները չեն կարող լուրջ անձնավորություններ իրենց համարեն։ 2020–ի պատերազմից հետո ստեղծված իրավիճակում ՀՀ–ի Ադրբեջանի, ՌԴ ղեկավարները ստորագրել են մի փաստաթուղթ, որով դադարեցրել են ռազմական գործողությունները։ Եթե հնարավոր էր շարունակել պայքարը, տրամաբանական է, որ դա պետք է շարունակվեր 2020–ին։ 2020–ից հետո մենք ունեցել ենք մի իրավիճակ, երբ Ադրբեջանին փոխանցվել են շրջաններ Արցախի շուրջ, փոխանցվել են ռազմական մեծ նշանակություն ունեցող դիրքեր, Ստեփանակերտի վերևում, Շուշիում տեղակայված էին Ադրբեջանի զորքերը։ Այս իրավիճակում խոսել, որ մնայիք, պայքարեիք, ես դա լուրջ չեմ կարող համարել»։

Ադրբեջանում թողնված զենքի մասին հարցին Շահրամանյանը նշեց, որ այժմ նպատակահարմար չի խոսել այդ թեմայով․

«Ժամանակը կգա, կխոսեմ այդ մասով։ Քրեական գործ է հարուցված, որի շրջանակում ես արդեն հարցաքննվել եմ որպես վկա և տվել եմ անհրաժեշտ պատասխանները»,– ընդգծեց Արցախի նախագահը։