Լրահոս
Քաղաքական
20:25
23.08.25
1 678

Բեռնված հարյուրավոր մեքենաների թույլ չեն տալիս մտնել ՌԴ. գյուղացիները հսկայական վնասներ են կրում․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)

Img default alt hy

Մեր տեղեկություններով Վերին Լարսի անցակետից գյուղմթերքով, սալորով, դեղձով, խաղողով բեռնված հարյուրավոր մեքենաներ ետ են վերադառնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Բեռնափոխադրողներն ահազանգում են, որ իրենց չի տրվում հստակ պատճառաբանություն, խոսվում է բուսասանիտարիայի հետ կապված ինչ-որ խնդիրների մասին:

Այս ամենի հետևանքով հսկայական վնասներ են կրում գյուղացիները, գյուղատնտեսությամբ զբաղվողները:

Նշեմ, որ այլ ապրանքներով բեռնված բեռնատարներ ևս ենթարկվում են մանրակրկիտ զննման, ինչի հետևանքով խոչընդոտվում է վերջիններիս մուտքը Ռուսաստանի Դաշնություն:

Մասնավորապես, խնդիրների են բախվում շինանյութ փոխադրող մեքենաները, ինչն աննախադեպ է այս ոլորտի պարագայում:

Բազմաթիվ բեռնատարներ անորոշության մեջ դեռևս սպասում են որոշման:

Ինչպես միշտ, պատկան մարմինների կողմից չկա համապատասխան արձագանք, գործողություններ:

Ակնհայտ է, որ խնդիրը միայն տնտեսական չէ, ունի քաղաքական ենթատեքստ։

Շնորհավոր «Թրամփի ճանապարհ»: