Լրահոս
Արցախ
00:18
15.10.21
72

Այն ամենը, ինչ հայտնի է ադրբեջանական հարձակման մասին

Img default alt hy

Ադրբեջանական զինված ուժերը հինգշաբթի երեկոյան կրակ են բացել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտու մարտական հենակետի ուղղությամբ: Հրազենային վիրավորում է ստացել 6 զինծառայող: Վիրավորներից 2-ի վիճակը ծանր է, որոշ տեղեկություններով՝ ծայրահեղ ծանր:

Պաշտպանության բանակը հայտնում է, որ միջադեպի մասին անհապաղ տեղեկացվել է Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը: Ըստ որոշ տեղեկությունների՝ ադրբեջանական զինված ուժերը Արցախի Նոր Շեն գյուղի ուղղությամբ կիրառել են խոշոր տրամաչափի զինատեսակներ: Այդ համայնքի անմիջական հարևանությամբ են տեղակայված ադրբեջանական զինված ուժերի դիրքերը: Արցախի մի քանի այլ բնակավայրի ուղղությամբ ևս կրակոցներ են արձակվել,- հայտնել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

Նրա արցախցի գործընկերը՝ Գեղամ Ստեփանյանը, արդեն եղել է հոսպիտալում, տեսակցել վիրավորներին ու հայտնել, որ Արցախի պաշտպանության բանակը զոհեր չունի, այս պահին մարտական գործողություններ չեն ընթանում: Sputnik Armenia-ի տեղեկություններով՝ կրակը դադարեցվել է ռուս խաղաղապահների միջամտությունից հետո:

Ադրբեջանական կողմը երկու օր է՝ հող էր նախապատրաստում այս սադրանքի համար: Այսօր Արցախի ՊԲ-ն հերքել էր Բաքվի տարածած այն տեղեկությունը, թե իբր դիպուկահարի կրակոցից սպանվել է ադրբեջանցի զինծառայող: Երեկ էլ Բաքուն հաղորդել էր ադրբեջանական մեքենայի ուղղությամբ կրակոցների մասին, ՊԲ-ն հերքել էր նաև այդ պնդումը:

Այսօրվա սադրանքից հետո Արցախի Պաշտպանության նախարարության տարածած հայտարարության մեջ նշում է. «Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը շարունակում է հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմի պահպանմանը և կոչ է անում ադրբեջանական կողմին նույնպես ձեռնպահ մնալ իրադրությունն ապակայունացնող գործողություններից»:

Արցախում «Հայլուրի» թղթակիցներն այս պահին Ստեփանակերտի հոսպիտալում են, փորձում են տեղեկություններ ստանալ վիրավորների վիճակի մասին:

Մանրամասները՝ հաջորդիվ