Լրահոս
Հասարակական
11:00
06.10.25
475

Ավտովթար՝ Վաղարաշապատ-Աշտարակ ճանապարհին. կա 3 վիրավոր. հայտնաբերվել է մոխրացած դի

Img default alt hy

Երեկ՝ հոկտեմբերի 5-ին, ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 23:40-ի սահմաններում Վաղարշապատ-Աշտարակ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 38-ամյա Աբրահամ Զ.-ի վարած «Toyota» մակնիշի և դեռևս անձը չպարզված վարորդի կողմից վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Opel»-ում հրդեհ է բռնկվել, իսկ Աբրահամ Զ.-ն, վերջինիս ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 69-ամյա Հակոբ Զ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն, իսկ այսօր՝ հոկտեմբերի 6-ին՝ ժամը 00:20-ի սահմաններում, նույն ավտոմեքենայի ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 26-ամյա Լյովա Մ.-ն մարմնական վնասվածքներով ընդունվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:  Հրշեջ-փրկարարները մարել են «Opel»-ում առաջացած հրդեհը, որից հետո այնտեղ հայտնաբերել են մոխրացած դի, ավտոմեքենան էլ վերածվել է մոխրի:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Վանիկ Սաղոյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատերերի և մահացածի ինքնությունները:  Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: