Լրահոս
Հասարակական
23:58
23.08.25
1 523

Արտաշատում 600-ից ավելի տների բնակիչներ կցոնված էլեկտրալարերի պատճառով միլիոնավոր դրամների վնաս են կրում

Img default alt hy

Տևական ժամանակ է, ինչ Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցում մոտ 600-ից ավելի սեփական տների բնակիչներ չեն կարողանում հստակ պատասխան ստանալ Արտաշատի քաղաքապետ Կառլեն Մկրտչյանից և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Արտաշատի տեղամասի պատասխանատուներից, թե ի վերջո ինչքան պետք է ամեն քամու ժամանակ իրենց հոսանքների տատանումների պատճառով խոշոր չափի նյութական վնասներ կրեն։

Երեկ՝ օգոստոսի 22-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչները ասում էին․

«Սովետական  տարիներից անցկացված էլեկտրական լարերը արդեն կարելի է ասել մեռյալ լարեր են դարձել։ Մեծ մասը կցոնումներով է միացված։ Մի թեթև քամի է լինում, համ հոսանքներն են անջատվում ժամերով, համ էլ տների էլեկտրական սարքավորումներն են վառվում։ Տուն կա, որ և՛ համակարգիչ, և՛ լվացքի մեքենա, և՛ հեռուստացույց, և՛ տեսաձայնագրման սարքեր՝ լրիվ փչացել է։ Թե ո՞վ է փոխհատուցելու քաղաքացիներին պատճառված միլինավոր դրամների վնասը, մնացել է օդից կախված։  Էլ չենք ասում, որ փողոցում գործում են նաև սննդի ու ավտովերանորոգման կետեր, բենզալցակայաններ և իրենք էլ են տուժում նաև հոսանքների այդ տատանումներից և հարցը օր առաջ պետք է լուծվի ի շահ բնակչի, ով նաև սպառող է և որպես սպառող պարտաճանաչ կատարում է ծախսված էլետրաէներգիայի դիմաց վճարումները»: