Լրահոս
Քաղաքական
21:19
02.09.25
896

Արցախը կորցնելով, վտանգվեց մեր ողջ հայրենիքը՝ Սյունիքից, Տավուշից մինչև Երևան. Նարե Սիմոնյան

Img default alt hy

«Վերջին անգամ այս հարթակից խոսել, պայքարի ու չհանձնվելու կոչ եմ արել 2023 թվականի սեպտեմբերի 2-ին, երբ արդեն 9 ամիս Արցախը շրջափակված էր։ Շրջափակման, սովի, թշնամու պարբերական հարձակումների պայմաններում արցախցին համառորեն դիմադրում էր։ Անգամ օրեր անց, երբ թշնամին անցավ լայնածավալ հարձակման, Արցախը դեռ հերոսաբար դիմադրում էր՝ թշնամուն մեծ վնաս պատճառելով։ Սակայն հարձակումից ժամեր անց Երևանում իշխանությունն օկուպացրած վարչախմբի ղեկավարը դավաճանաբար հայտարարեց, որ Արցախը միայնակ է մնալու իր պայքարում՝ մնալով մենակ ու դավաճանված»,- Ազատության հրապարակում ընթացող հավաքի ժամանակ ասաց արցախցի Նարե Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ դավաճանության դառնությունը սրտում և Արցախ վերադառնալու, Արցախը հայկական տեսնելու հույսը սրտում, արցախցին տվեց իր արժանապատվության վերջին մարտը, թողեց իր հողն ու բռնեց գաղթի դաժան ճանապարհը՝ դեպի Մայր Հայաստան։

«Ի տարբերություն օրվա իշխանությունների, հայ ժողովուրդը ջերմորեն ու սրտացավությամբ ընդունեց իր գաղթական դարձած քույրերին ու եղբայրներին։ Դրանից հետո, ցավոք, եղավ ու դեռ լինում է այն, ինչ սպասելի էր՝ Արցախը կորցնելով, կորցրեցինք մեր անվտանգությունը, Արցախը կորցնելով, մեր արժանապատվությունը կորցրեցինք։ Արցախը կորցնելով, վտանգվեց մեր ողջ հայրենիքը՝ Սյունիքից, Տավուշից մինչև Երևան։ 

Սահմանազատման ու խաղաղության կեղծ ու անիրական խոստումների քողի տակ շարունակվում է հայրենահանձնումն ու անվտանգության ոչնչացումը։ Գործող իշխանությունների քաղաքականության ամեն օրը մեզ ավելի հեռացնում է Արցախ վերադարձի հնարավորությունից և ավելի մոտեցնում մեզ՝ Հայաստանը կորցնելու վտանգին։ Այս իրավիճակում տասնյակ տասնյակ անգամ ավելի դժվար է չհանձնվելու դիմադրելը, բայց և հազարապատիկ ավելի անհրաժեշտ։Գիտեմ, դժվար է չկոտրվելը, չհուսալքվելը, բայց այսօր առավել քան երբևէ հուսալքությունը ոչ միայն քրիստոնեական մահացու մեղք է, այլև ազգային մահացու մեղք ու հանցանք, որի դատավճիռը կարող են լսել ոչ միայն մենք, այլև՝ մեր զավակները»: