Լրահոս
Արցախ
20:33
02.09.25
343

Արցախ պետությունը դարձավ համայն հայության իղձերի ու երազանքների մարմնավորումը, նրա հպարտությունը սնուցող աղբյուրը․ Նժդեհ Իսկանդարյան

Img default alt hy

«Սեպտեմբերի 2-ը հայ ժողովրդի համար պատահական օր չէ, այլ պատմություն, մաքառման ու վերածննման օր։Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության անկախության օրն է, հայի արժանապատիվ ոգու, որ 1000-ամյա մաքառման ճանապարհին  բռունցքվեց ու կերտեց 2-րդ հայկական պետությունը՝ կոչելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն»,- այս մասին Ազատության հրապարակում հանրահավաքի ընթացքում ասաց Արցախի հանրապետության  պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։

Նրա խոսքով՝ Արցախ պետությունը դարձավ համայն հայության իղձերի ու երազանքների մարմնավորումը, նրա հպարտությունը սնուցող աղբյուրը և իսկական օջախ՝ աշխարհասփյուռ յուրաքանչյուր հայ համար։

«1991 թվականի սեպտեմբերի 2-ը արձանագրվեց պատմության մեջ հարատևելու համար։ Արցախը կերտվեց, դիմակայեց՝ շենացավ 1000-ավոր հայորդիների կյանքի գնով։

Արցախի յուրաքանչյուր թիզ հող դրոշմված է հայ արյունով։ Այն հեղվել է այդ հողին, որի ապացույցն են՝ յուրաքանչյուրի օջախում հնչող հերոսների անունները, անուններ, որ միշտ կհնչեն իսկական հայ ընտանիքներում։ Այսօր ծանր շրջան է հայ ժողովրդի համար։Մենք կարոտում ենք հեռվում մոռացած մեզնից խլված մեր սուրբ օջախին՝ Արցախի հողին։

Համոզված եղե՛ք, Արցախն էլ կարոտում է մեզ՝ իր ժողովրդին, իր նվիրյալ զինվորին, իր հողի մշակին։ Արցախի անունը երբեք չի պոկվի մեր շուրթերից, այն մայրական օրհնանքի նման միշտ մեզ հետ կլինի։ Օրվա յուրաքանչյուր պահին  կհնչի աղոթքի պես ու կջերմացնի մեր խոցված սրտերը։ Այն փարոսի պես կուլուսավորի մեր ճանապարհը, որ չկորցնենք մեր խիղճը, մեր պատիվը, ոգին։ Արցախի անկախության օրը կդառնա վերադարձի օր։ Մինչ այդ առաջնորդվենք կարևորագույն պատգամով՝ չհուսահատվենք, չկորցնենք մեր ազգային դիմագիծը, մենք իրավունք չունենք ծնկելու, կասկածելու, կոտրվելո»,- իր ելույթում ընդգծեց Իսկանդարյանը։