Լրահոս
Քաղաքական
16:00
30.07.22
165

Իշխանությունը 44-օրյա պատերազմի ողջ գործընթացը բարդելու է զինվորականների վրա. Տիգրան Աբրահամյան

Img default alt hy

Իշխանությունը 44-օրյա պատերազմի ողջ գործընթացը բարդելու է զինվորականների վրա, և դա ունի մեկ նպատակ, ոչ թե իրականում բացահայտելու մեր խոցելիությունը և իրականում այն հրամանատարներին, ովքեր տապալել են և նաև հողային կորուստների կամ մեր զինծառայողների մահվան պատճառ են դարձել, այլ այստեղ ավելի շատ նպատակն այն է, որպեսզի արդարացվի քաղաքական գլխավոր մեղավորն ու պատասխանատուն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Իշխանությունը նախապատրաստել է ընդհանուր քաղաքական, քարոզչական պլան, որը ենթադրում է որոշակի պարբերականությամբ տարբեր զինվորականների ձերբակալություններ, կալանավորություններ, դավաճանությունների դեպքերով այսպես կոչված բացահայտումներ և այլն: Այլ բան, որ այդ ձերբակալում, կալանավորումից հետո նրանց մի մասի խափանման միջոցը փոխվում է, մի մասը առհասարակ ազատ է արձակվում հանցակազմի բացակայության պայմաններում: Քանի որ այդ հրամանատարը նշանակվել է 2019 թվականին, դա այդպես է, առհասարակ 2018 թվականի հայտնի իրադարձություններից հետո պաշտպանության բանակի հրամկազմը 90 տոկոսով փոփոխությունների, վերադասավորումների է ենթարկվել:

Կոնկրետ այս գործով որևէ մեկնաբանություն չեմ կարող տալ անմեղության կանխավարկածը չխախտելով, ամեն դեպքում իմ համար ակնհայտ է, որ իշխանությունը 44-օրյա պատերազմի ողջ գործընթացը բարդելու է զինվորականների վրա, և դա ունի մեկ նպատակ, ոչ թե իրականում բացահայտելու մեր խոցելիությունը և իրականում այն հրամանատարներին, ովքեր տապալել են և նաև հողային կորուստների կամ մեր զինծառայողների մահվան պատճառ են դարձել, այստեղ ավելի շատ նպատակն այն է, որպեսզի արդարացվի քաղաքական գլխավոր մեղավորն ու պատասխանատուն և իշխանությունը զերծ մնա պատերազմի հետևանքների համար պատախանատվություն կրելուց»,- ասաց նա:

Պատգամավորի խոսքով` պատերազմի հետևանքով Հայաստանն ու Արցախը և՛ մարդկային և՛ տարածքային մեծ կորուստներ են ունեցել և եթե նույնիսկ սա տարբեր ժամանակահատվածներում ակտիվ քաղաքական դիսկուրսի թեմա չի դառնում, այն հասարակության ներսում մնացող էներգիա է և մի օր դուրս է գալու:

«Բնական է, որ իշխանությունը անընդհատ փորձում է իր վրայից ցրել պատասխանատվությունը, և դա բարդել առանձին անձանց վրա: Ես ինքս ճանաչում եմ 44-օրյա պատերազմի մասնակիցների, որոնք մեծ շուքով կալանավորվել են, մեղադրանքներ են առաջադրվել և նրանց գործերը կամ դանդաղել են, ամիսներով որևէ ձևով չեն շարժվում, չեմ խոսում դեռ այն մարդկանց մասին, որոնց դեմ հարուցված քրեական գործերը կարճվել են»,- հավելեց նա: