Լրահոս
Մշակույթ
21:11
25.08.25
185

«Գութան» փառատոնը ազգային ավանդական երգ ու պարով տոնում է Հայրիկ Մուրադյանի 120-ամյակը

Img default alt hy

«Գութան» Հայաստանի ազգային-ավանդական երգ ու պարի ամենամյա փառատոնն այս տարի նվիրված է հայ երգի հայրիկ՝ Հայրիկ Մուրադյանի ծննդյան 120-ամյակին։  Փառատոնը կազմակերպում է «Մրրո» ազգային արվեստի կենտրոնը՝  ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանի նախաձեռնությամբ և ղեկավարությամբ։

Փառատոնը  այս տարի կկայանա օգոստոսի 30-ին՝ Երևանի սրտում, Գաֆէսճեան քանդակների պարտեզում (Կասկադ)։ Միջոցառումը բացօթյա է, ինչպես միշտ` հասանելի է բոլորին՝ անվճար է, տոմսեր չեն վաճառվելու։

Ամեն տարի «Գութանի» բեմում հանդես են գալիս ազգային ավանդական երգ ու պարի ավելի քան 20 խումբ, ներգրավվում է շուրջ 500 արտիստ։  Այս տարի հատուկ «Գութան» փառատոնին մասնակցելու համար Հայաստան է ժամանում  Ռոստովում գործող «Զարկ» հայ ավանդական երգ ու պարի խումբը։

«Գութան» 2025-ի մասնակից խմբերն են՝ «Ակունք», «Վան», «Սասնա Ծռեր», «Նուբար», «Մասունք», «Վերադարձ», «Մարաթուկցիներ», «Արեգ», «Արդվին», «Սեբաստացիներ», «Ծովակ», «Մենք ենք, մեր սարերը» (Արցախ), «Տարոնցիներ», «Գորանի», «Տավրոս», «Ծիլք», «Մենք», «Հրայրք», «Նաիրի», «Զարկ» (Ռոստով), «Դարե»։

Այս տարի ևս «Գութան» փառատոնի ծրագրում կլինեն Հայաստանը ներկայացնող կատարումներ,  մեծ տեղ կտրվի նաև Հայրիկ Մուրադյանի` մեզ փոխանցած մշակութային ժառանգությանը:

«Գութան»-ի հիմնական նպատակն է պահպանել ու տարածել հայկական ազգային երգերն ու պարերը, դրանք ճանաչելի դարձնել հատկապես երիտասարդությանը և փոխանցել ապագա սերունդներին։ Միևնույն ժամանակ՝ փառատոնը յուրահատուկ հնարավորություն է ստեղծում Հայաստան այցելած զբոսաշրջիկների համար՝ ծանոթանալու մեր մշակութային ժառանգությանը։

Փառատոնն առաջնորդվում է մի քանի կարևոր սկզբունքներով․

Երգերի ու պարերի ներկայացում իրենց բնօրինակ՝ էթնիկ տարբերակով, առանց ժամանակակից մշակման։

Ազգային նվագարանների կենդանի կիրառություն (դուդուկ, բլուլ, շվի, զուռնա, պկու, կոպալ, դհոլ և այլն):

Հայ երգի ու պարի երախտավորների կյանքին և գործունեությանը նվիրված ֆիլմերի ստեղծում և ցուցադրում։

«Գութան» փառատոնում հատուկ տեղ են զբաղեցնում նաև նախափառատոնային «ՆախաԳութան» ինտերակտիվ համերգները, որոնք կայանում են Երևանի վարչական շրջաններում և տարբեր համայնքներում՝ հայկական մշակույթը հասցնելով ամեն անկյուն։

Հայրիկի 120-ամյակը տոնենք միասին: