Լրահոս
Մամուլի տեսություն
09:30
01.10.25
305

6 տարվա հետապնդումից հետո Դավիթ Գրիգորյանը վերականգնվեց դատավորի պաշտոնում․ «Հրապարակ»

Img default alt hy

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

«Երևանի առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանը հայտնվեց իշխանության թիրախում, երբ 2019 թ. մայիսի 18-ին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխեց, իսկ մայիսի 20-ին կասեցրեց քրեական գործի վարույթը և ՍԴ դիմեց` առաջադրված մեղադրանքի սահմանադրականության հարցով: Հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանը կոչ արեց շրջափակել դատարանները, իսկ որոշումը կայացրած դատավորի նկատմամբ քրեական հետապնդում սկսեցին: Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը խուզարկեցին, նրան մեղադրանք առաջադրեցին` ինչ-որ պաշտոնեական կեղծիք կատարելու համար։ Ապա դատավորի լիազորությունները կասեցվեցին:

Նրա նկատմամբ քրեական գործը մտավ Հակակոռուպցիոն դատարան: Գործը քննող դատավոր Սարգիս Դադոյանը երկար դատաքննությունից հետո՝ 2025թ․ հունվարի 22-ին արդարացման դատավճիռ կայացրեց՝ 6 տարվա քաշքշուկից հետո հռչակելով Դավիթ Գրիգորյանի և գործով անցնող մյուս անձի` Գոռ Վարդանյանի անմեղությունը։

Դատավճիռը բողոքարկվել է թե՛ վերաքննիչ, թե՛ վճռաբեկ դատարաններ և մնացել անփոփոխ: Այսինքն, ի հեճուկս իշխանությունների և նախաքննական մարմնի, Դավիթ Գրիգորյանի և Գոռ Վարդանյանի արդարացման դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ։ Իսկ սեպտեմբերի 29-ին, շուրջ 6 տարի ապօրինի քրեական հետապնդման ենթարկված դատավոր Գրիգորյանի թեկնածությունը Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը ներկայացրել է հանրապետության նախագահին, որպեսզի նորից դատավոր նշանակեն Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացման դատավորի թափուր տեղում»: