Լրահոս
Արտաքին քաղաքականություն
10:56
03.08.22
152

Չինաստանի ԱԳՆ-ն Թայվանի հետ վերամիավորումն անվանել է պատմական անխուսափելիություն

Img default alt hy

Թայվանի հետ Չինաստանի լիարժեք վերամիավորումը պատմական անխուսափելիություն է: «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Չինաստանի ԱԳ նախարար Վան Իի հայտարարության մեջ, որը հրապարակվել է՝ ի պատասխան ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի Թայվան կատարած այցի:

Վան Ին խորհուրդ է տվել ԱՄՆ-ին չերազել Չինաստանի վերամիավորման մեծ գործին խոչընդոտելու մասին: ԱԳ նախարարն ընդգծել է, որ Չինաստանը տարածք չի թողնի Թայվանի անկախության համար հանդես եկող ուժերի գործողությունների համար: Նա նաև վստահեցրել է, որ Չինաստանի զարգացումը զսպելու համար Թայվանն օգտագործելու փորձերը դատապարտված են ձախողման: Նախարարը կոչ է արել ԱՄՆ-ին անհապաղ դադարեցնել խաղարկել «Թայվանի խաղաքարտը»՝ Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում անկարգություններ ստեղծելու համար։

Նենսի Փելոսին երեքշաբթի երեկոյան ժամանել է Թայբեյի Սունշան օդանավակայան: Սա ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակի առաջին ուղևորությունն է կղզի 1997 թվականից ի վեր: